top of page

Թափթփուկ բոշաներ, ճիվաղ, ռադդ քաշի. Ինչո՞ւ դատարանի բակում հունից դուրս եկան զոհվածների հարազատները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 31
  • 2 min read
ree

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր  հայտնի Ցորի գործով դատական նիստի ավարտից հետո դատարանու բակում կանգնած զոհված զինծառայողների հարազատները հանկարծ հունից դուրս եկան՝ սկսեցին բղավել, վիրավորել ինչ-որ մեկին։

«Ռադդ քաշի, թաթփուկ բոշաներ, ճիվաղ։ Անասուն»,-ինչ-որ մեկի հասցեին լացակումած, բարկացած անընդհատ կրկնում էր զոհված Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը։

Ի՞նչ էր նախորդել տեղի ունեցածին։ Panorama.am-ի հետ զրույցում Ա. Մանասյանն ասաց, բացի այն, որ դատարանում ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, պաշտպանը փորձում են ամեն կերպ ձգձգել դատավարությունը, որպեսզի լրանա վաղեմության ժամկետը, հիմա էլ անցել են սադրիչ քայլերի ու ճնշումների։

Նրա խոսքով, նիստից երկու օր առաջ Ջալալ Հարությունյանն իր հեռախոսահամարից զանգահարել է Ցոր զորամասում ծառայած, քրեական գործով որպես վկա, տուժող ներգրավված տղաներին, ներկայացել ՊՆ-ից ու սկսել հարցեր տալ, մասնավորապես հարցրել է, թե ինչպես են նրանք տարբեր օրերի հասել Գորիս՝ մասնակցելու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստերին։

Հեռախոսազանգի, հնչեցրած հարցերի մասին տղաները պատմել են իրենց զոհված ընկերոջ՝ Հայկ Մելիքյանի մորաքրոջը, նրան տրամադրել են հեռախոսահամարը։ Մանասյանն ասաց, հավելվածի միջոցով ստուգել է հեռախոսահամարը, պարզել է, որ այն պատկանում է Ջալալ Հարությունյանին։

«Ես ինքնս զանգահարեցի ու ներկայացա զինծառայողներից մեկի մայր, ասացի՝ ո՞ւմ հետ պատիվ ունեմ խոսելու, հարցրեցի՝ իմ որդուն ինչո՞ւ եք զանգահարել։ Հեռախոսն անջատեցին։ Ես այդ մասին անհապաղ տեղեկացրել եմ զինդատախազություն։ Դատական նիստում մենք մեր վրդովմունքն արտահայտեցինք, բացի այն, որ փորձում են ձգձգել, երեխաների վրա էլ ճնշում են փորձում գործադրել»,-տեղի ունեցածը ներկայացրեց Ա. Մանասյանը։

Դատարանի բակում արդեն նիստին մասնակցող Ջալալ Հարությունյանի եղբայրը, դիմելով զոհված տղաներից մեկի հորը՝ հրետանավոր Արթուր Ասրյանին ասել է՝ դու ես մեղավոր, որ երեխադ զոհվել է, գնայիր հետը կռվեիր, կանխեիր էս ամեն ինչը։

 «Պետք է ընդգծեմ, որ Ասրյանը ծառայում էր Արցախի զինված ուժերում, պատերազմից առաջ նրան ուղարկեցին տուն, մարդը դարձավ պահեստազորային։ Պատերազմի ժամանակ գնացել է շտաբ, աջակցելու պատրաստակամություն է  հայտնել, նրան ասել են՝ դու մեզ պետք չես, քո տեղն այլ մարդ կա։ Իսկ այսօր կանգնում ասում են՝ դու ես մեղավոր, որ քո տղան զոհվել է, լավ տղամա՞րդ էիր, գնայիր երեխու կողքին լինեիր, կանխեիր այդ ամեն ինչը։ Ես այստեղ ափերից դուրս եկա ու պաշտպանեցի մեր ծնողին, ինչ կարող էի՝ ասել եմ»,-ասաց Ա. Մանասյանը։

Նա ու զոհված տղաների ծնողները տեղի ունեցածը ճնշում ու սադրիչ քայլ են որակում. «Մենք քար համբերությամբ դիմանում ենք բոլոր սադրանքներին, աճպարարություններին, սակայն նրանց հաջողվում է հետաձգել դատական նիստերը։ Բոլոր կողմերն են տեսնում, սա իրավունքի ակնհայտ չարաշահում է»։Հիշեցնենք, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին այս գործով դատարանը մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նա դատապարտվել է 5 տարի վեց ամիս ազատազրկման։ Ըստ իրավապահների, Հարությունյանը մոտեցող թշնամուն ներկայացրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով տղաները չեն կարողացել պաշտպանվել։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում մեղքը։

Տուժող կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում է Ջալալ Հարությունյանի նկատմամբ սահմանել առավելագույն պատիժ՝ 8 տարի ազատազրկում։ Հարությունյանի պաշտպանների պահանջներից մեկը վերաբերում է նրան արդարացնելուն։ «Ցոր» զորամասի հրետանավորներն ավելի քան մեկ տարի անհետ կորած են համարվել։ Նրանցից 11-ի աճյունները հայկական կողմին է փոխանցել 2021 թ. նոյեմբերի 2-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

 
 
bottom of page