top of page

1-77 «թեժ գիծն» այլևս չի գործելու. ո՞ր հեռախոսահամարով պետք է զանգեն վարորդները

Այսօր հայտնի դարձավ, որ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կազմալուծմամբ պայմանավորված՝ 1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ: Նշվում է, որ հեռախոսահամարը շարունակում է գործել ՆԳՆ ոստիկանության նոր կազմավորված Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության և բողոքների քննության վարչությունում։

Այս լուրը կարդացած յուրաքանչյուր վարորդ անհանգստացավ՝ ո՞ր հեռախոսահամարով այսուհետ պետք է կապ հաստատեն ՃՈ հետ և իրենց խնդիրներին լուծում ստանալու համար: «Ի՞նչ պետք է անենք, եթե, օրինակ, մեքենան փակել են, հեռախոսահամար էլ չեն թողել: Նման դեպքերում վարորդները զանգում էին թեժ գիծ, որտեղից կապ էին հաստատում այդ մեքենայի սեփականատիրոջ հետ և արագ հարցը լուծում։ Բա հիմա ի՞նչ պետք է անենք»,- հարցադրում են անում նրանք։

MediaHub-ը կապ հաստատեց ՆԳՆ–ի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ պետք է անեն քաղաքացիները և ո՞ր հեռախոսահամարով պետք է ուղղեն իրենց հուզող հարցերը, եթե թեժ գիծ այլևս չի լինելու։

««Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կազմալուծմամբ պայմանավորված լուծարվել է նաև 1-77 հեռախոսահամարը, իսկ ցանկացած այլ գործառույթներով քաղաքացիները կարող են զանգահարել 1-02 հեռախոսահամարով»,- նշեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: 

Ճշտող հարցին՝ եթե անբարեխիղճ քաղաքացին կայանել է մեքենան այնպես, որ խոչընդոտում է մյուսների տեղաշարժը կամ լուսացույցը չի աշխատում փողոցներից մեկում, այս հարցերի դեպքում քաղաքացիները պետք է զանգահարեն ավանդական 1-02 հեռախոսահամարո՞վ, Նարեկ Սարգսյանը տվեց դրական պատասխան։

Նշենք նաև, որ այսուհետ 1-77 հեռախոսահամարը ծառայելու է նախկին Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող գործառույթների և ներկայիս Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության եւ բողոքների քննության վարչության գործառույթների (տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության, վարչական բողոքների քննության, վարչական եւ դատական ակտերի կատարումն ապահովող, ճանապարհային երթևեկության կազմակերպման մոնիտորինգի եւ հսկողության, դատական պաշտպանության բաժիններ եւ գումարի վերադարձի վերաբերյալ ներկայացված դիմումների ուսումնասիրություն) վերաբերյալ տեղեկատվություն ստանալու աղբյուր:

Մարիաննա Արամյան

bottom of page