top of page

Մոսկվայի օդանավակայաններում սկսել են «նեղել» ՀՀ-ից ժամանած ուղևորներին

Վերջին շրջանում MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն դարձել է բավականին բարդ և դժվարություններով լի։ Բանն այն է, որ ահազանգած քաղաքացիները նշում են, որ հասնելուն պես՝ օդանավակայանում անձնագրերի ստուգման ժամանակ ռուս սահմանապահները, տարբեր պատճառներ ներկայացնելով, ուղեկցում են ՀՀ քաղաքացիներին կից սենյակներ, հարցաքննում նրանց, ժամերով «հարց ու փորձ» անում, թե ինչո՞ւ են եկել ՌԴ, ու դա տևում է մի քանի ժամ։ 

Մասնավորապես, հուլիս ամսվա վերջին օրերի մի քանի չվերթների ուղևորներ ահազանգում են, որ հայտնվել են նման տհաճ իրավիճակում: Նրանք նշում են, որ անգամ տարեց և դժվարությամբ քայլող կենսաթոշակառուներին են ուղեկցում սենյակներ, ժամերով սպասեցնում, անգամ չեն թողնում նստել և կանգնած վիճակում հարցաքննում։ 

Այսպես, ահազանգած քաղաքացիները տեղեկացնում են, որ հուլիսի 26-31-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվա մեկնած տասնյակ ՀՀ քաղաքացիներ են հարցաքննվել, պատճառները եղել են տարբեր՝ անձնագրի հետ կապված խնդիրներ, անձի լուսանկարի հետ կապված խնդիրներ և այլն։ 

Բացի ՀՀ քաղաքացիներից, Մոսկվայի օդանակավայաններում նույն կերպ դիմավորում են նաև Մոլդովայի քաղաքացիներին, ինչպես նաև Տաջիկստանի, Ղրղզստանի քաղաքացիներին։

Առհասարակ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչությունից հետո Տաջիկստանի քաղաքացիների մուտքը դժվարացել է ՌԴ։

Դեռ տասնամյակ առաջ անհնար էր պատկերացնել, որ մի օր ՀՀ քաղաքացիների մուտքն արհեստականորեն կդժվարանա ՌԴ տարածք: Ոմանք այս իրավիճակը կապում են Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հետ և նշում, որ հենց սա է պատճառը, որ ՌԴ–ում «այլ աչքերով են սկսել նայել ՀՀ քաղաքացիներին»։   

Մարիաննա Արամյան

bottom of page