top of page

«Թուրքիայում ոտաբոբիկ մզկիթ մտնողը ոստիկաններին ու «Ալֆա» ջոկատին ուղարկում է Վեհարան»․ Գառնիկ Դանիելյան

Jul 21, 2025
1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Փաշինյանը բացականչում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Օրերս նույն վայրից Ադրբեջանի նախագահը սպառնում էր Հայաստանին, որ ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների երեսը տեսնեն, և որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ գործընթացն արգելափակելու պարագայում մեր պետությունը կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև քաղաքական մեկուսացման մեջ։


Մեզ այս իրավիճակին հասցնողը շարունակում է խոնարհվել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների առաջ՝ բերելով նորանոր կորստաբեր զիջումներ։ Ալիևի՝ ամենօրյա դարձած ծաղրին չհակադարձող այս անձնավորությունը միայն ի զորու է ճնշումներ բանեցնելու սեփական քաղաքացիների նկատմամբ։


Հոգևոր դասի բարեվարքությունը քննելու քողի տակ այս կեղծ հավատացյալը ցանկանում է հեղինակազրկել ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշն ու վստահությունը վայելող կառույցը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։


Եվ որքան ավելանում են Ալիևի ու Էրդողանի պահանջները, այնքան ուժգնացնում է հակաեկեղեցական հիստերիան՝ սպասելով թշնամու հերթական գովասանքին։


Խոսում է խոստումնազանցության մասին, մինչդեռ ինքն է ամեն օր դրժում իր երբևէ տված խոստումները։


Թուրքիայում ոտաբոբիկ մզկիթ մտնողը ոստիկաններին ու «Ալֆա» ջոկատին ուղարկում է Վեհարան։


Սույն անձը չունենալով կարմիր գծեր՝ պատրաստ է ամեն տեսակի հակաբարոյական և հակասահմանադրական գործողության։


Լիահույս եմ, որ մեր հայրենակիցները շատ լավ գիտակցում են այս արշավի իրական նպատակը, չեն տրվում կեղծ օրակարգերին, և անհրաժեշտության դեպքում կանգնելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին՝ իրենց ներկայությամբ պաշտպանելու հայոց հոգևոր կենտրոնը»։

 
 
1/3083
bottom of page