Բիլ Քլինթոնը Պուտինին ասել է, որ պատրաստ է դիտարկել ՆԱՏՕ-ին ՌԴ-ի անդամակցության հնարավորությունը
- Elen Hovsepyan

- Aug 22
- 1 min read

ԱՄՆ կառավարության գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ Բիլ Քլինթոնը, երբ ԱՄՆ նախագահն էր, 2000 թվականին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնումը չի սպառնում Մոսկվային և հայտարարել է Ռուսաստանի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հնարավորությունը քննարկելու պատրաստակամության մասին։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Ազգային անվտանգության արխիվը, որը ոչ առևտրային հետազոտական կազմակերպություն է, հրապարակել է դիվանագետ և թարգմանիչ Սթրոուբ Թալբոթի՝ այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի գրառումները, որոնք նա կատարել է 2000 թվականի հունիսին Կրեմլում Պուտինի և Քլինթոնի միջև կայացած հանդիպման ժամանակ։
«ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացի հենց սկզբից ես գիտեի, որ դա կարող է խնդիր դառնալ Ռուսաստանի համար։ Ես ըմբռնումով եմ վերաբերվել դրան եւ ցանկանում եմ, որ բոլորը հասկանան, որ ՆԱՏՕ--ի ընդլայնումը ոչ մի կերպ չի սպառնում Ռուսաստանին», - հայտարարել Է Քլինթոնը։
Նա ընդգծում էր, որ «եթե մեր ժառանգները կենտրոնանան միմյանց վրա որպես հիմնական սպառնալիքի, որի մասին պետք է անհանգստանալ, նրանք կկորցնեն համատեղ այլ խնդիրներ լուծելու հնարավորությունը»։
Սակայն, ինչպես երևում է գաղտնազերծված փաստաթղթերից, արդեն հաջորդ օրը ԱՄՆ նախագահը «այս հարցում շատ ավելի քիչ անկեղծ էր»։
2024 թվականի փետրվարին ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող էր ՆԱՏՕ-ի անդամ դառնալ 2000-ականների սկզբին, եթե ԱՄՆ-ն անկեղծ շահագրգռվածություն ցուցաբերեր։




















