Արա Պողոսյան. «Դատարկ գլուխները պնդում էին, թե Թուրքիային «Զանգեզուրի միջանցք» պետք չի»
- Elen Hovsepyan
- 1 day ago
- 2 min read

Քաղաքագետ Արա Պողոսյանը վերլուծում է տարածաշրջանի ռազմավարության փոփոխությունը. «Իհարկե շատ բան կա ասելու էն մարդկանց, ովքեր 5 տարի պնդում էին, որ Թուրքիան Ադրբեջանի պահանջների հետ կապ չունի, որ Թուրքիային «Զանգեզուրի միջանցք» պետք չի, բայց նման դատարկ գլուխների կամ որ ավելի վատ է՝ թշնամական քարոզիչների հետ խոսելու բան չկա։
Հիմա՝ Թուրքիան կարծես թե աստիճանաբար փորձում է դուրս գալ բանակցային ստվերից և սկսել խաղն «առաջին համարով»։ Պե՞տք է արդյոք Թուրքիային միջանցք։ Այս հարցը ունի շատ կոնկրետ և փաստարկված պատասխաններ, որոնցից միայն մեկը նշեմ՝ տարածաշրջանային ռազմավարական պատկերի փոփոխությունը հօգուտ Թուրքիայի պահանջում է այս 45 կիլոմետրանոց ճանապարհը առանձին կարգավիճակով կապել «Միջին միջանցքի» հետ և այս գոտուն տալ առանձնահատուկ կարգավիճակ արտատարածաշրջանային իմաստով։
Մինիմալիզացնել Իրանի ինչպես լոգիստիկ, այնպես էլ տնտեսական հնարավորությունները, և ամբողջ հյուսիսային Իրանը թյուրքական գծով փակել։ Իսկ ի՞նչ կլինի, եթե մի օր Թուրքիայում որոշեն ո՛չ միայն թյուրքախոս ազերիների անջատողական շարժումները հովանավորել, այլ քրդական անջատողականությունը հովանավորել՝ ապահովելով «Թուրքիան տեռորիզմի» սկզբունքը։
Ու այս ճանապարհին թուրք–իրանական հավերժական դիմակայությունը անխուսափելի է, բայց այստեղ երրորդ խաղացողը կա, որը ստիպված կլինի կայացնել ռազմավարական որոշում՝ Թուրքիա, թե՞ Իրան․․․ Այո՛, Իսրայելի առաջ կանգնելու է ռազմավարական որոշում կայացնելու հրամայականը։ Ընդ որում՝ հզորացող Թուրքիայի դեմ Իսրայելը չի կարող հետագայում պայքարել և ստիպված է լինելու կանխարգելիչ գործողությունների դիմել, ու հենց այստեղ է, որ տարածաշրջանում միայն Իրանն ու Հունաստանը կարող են Իսրայելին նման հանդուգն գաղափարին «միս և արյուն» տալ։
Այստեղ նաև տարամիտվում են Թուրքիայի մասով Արևմուտքի և Իսրայելի շահերը։ Արևմուտքը, հատկապես՝ ԵՄ–ն, շարունակում են Թուրքիան դիտարկել որպես Արևելքի վրա ազդեցություն պահելու գլխավոր ժանդարմ, այնինչ այդ դերին հավակնում է Իսրայելը։ Թուրքիան գաղտնի նպատակներ ունի միջուկային զենք մշակելու, ինչի համար բազմաթիվ թուրք գիտնականներ ներգրավված են պակիստանյան միջուկային գիտա–արտադրական համալիրում։ Ուստի Իսրայելի առաջ շատ ավելի բարդ ու վտանգավոր խնդիր է լինելու Թուրքիան, որին դիմագրավելու համար Իսրայելը ստիպված է լինելու գնալ համագործակցության Թեհրանի հետ։
Այստեղ կարևոր է դառնում ինչպես Հունաստանի, այնպես էլ Հայաստանի ռազմավարական դիրքորոշումը։ Եթե Հունաստանի պարագայում պարզ է, որ Հունաստանը հստակ հակաթուրքական դաշինքում է, ապա Հայաստանի պարագայում ներկա միտումների պահպանման դեպքում ամեն ինչ այնքան պարզ չէ։ Եվ այստեղ հայ ժողովուրդը կողմնորոշվելու հստակ խնդիր ունի․․․
Ասվածը գիտական տեսանկյունից գուցե քիչ հիմնավորված է հնչում, բայց քաղաքական ռացիոնալիզմի տեսանկյունից կարծում եմ ապացուցելի է»։