Ինչ վերաբերում է՝ «Լավ, հերն անիծեմ՝ հակառակ տարբերակը չի՞ եղել»-ին՝ ո՞վ ասաց, որ չի եղել. Ալեն Սիմոնյանը՝ Խաչատրյանին
«Սխալները միջինացվում՝ 0 են դառնում։ Սա նշանակում է, որ եթե կադաստրային քարտեզում եղել է սխալ, որ թուրքի 100 մմ-ն Հայաստանի տարածքի մեջ է ներառված եղել, ապա ճիշտ նույն սխալի արդյունքում՝ թուրքը հիմա պետք է նստած լինի մեր տարածքի վրա, դա ե՞րբ եք հետ ուզելու, այդ սխալն ինչքա՞ն է կազմում»,- Աժ արտահերթ նիստում Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։Նա հարց բարձրացրեց, թե ինչպես է՝ լինում որ բոլոր սխալներն ի վնաս Հայաստանի են եղել։
«Սրա հերն անիծեմ՝ մի սխալ չի՞ եղել ի շահ մեզ։ Չի լինում այդպես, ձեր կառավարությունը գիտությանը չհամապատասխանող պնդումներ է անում»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը։
Արտահերթ ելույթով արձագանքելով Արթուր Խաչատրյանին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Կադաստրի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դարձած այն խոսակցության մեջ, թե՝ սաղ տվեցին, սաղ տվեցին, այս իշխանությունն ամեն ինչ տվեց, ես համարում եմ անտեղին»։Նա հայտնեց, թե այդ հարցը չի վերաբերում կադաստրի կոմիտեին, քանի որ քաղաքական հարց է։
«Էն, ինչը որ բարձրաձայնում եք, երևի 1 մլն 347 անգամ պատասխանը հնչել է` ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել, չի քննարկվել ու չի նախատեսվել ու չի կարող քննարկվել»,-ասաց Ալեն Սիմոնյանը և հավելեց. «Ինչ վերաբերում է՝ «Լավ, հերնք անիծեմ՝ հակառակ տարբերակը չի՞ եղել»-ին, ո՞վ ասաց, որ չի եղել»։
Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման պրոցեսը կվերջնականացնեն ու կվերարտադրեն Հայաստանի ու Ադրբեջանի քարտեզը՝ Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքներով։
«Ես հույս ունեմ, որ վերջ կդնենք տասնամյակներով շարունակվող վեճին, որը բերեց երկու մեծ արհավիրք՝ պատերազմ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։