Փաշինյանը հասցրել է այնպիսի կետի, որ ով էլ գա, չկարողանա բան փոխել. դրա համար ընդդիմությունը չի ուզում գալ. քաղաքագետ

Եթե ընդդիմությունը փորձի դիմագրավել այս իշխանություններից եկող աղետին, Նիկոլ Փաշինյանն ասելու է՝ խնդիր չկա, եկեք դուք իշխանության, մեկ է՝ Ալիեւը հաձակվելու է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը:
«Ինքը պետության ներուժը հասցրել է ամենացածր կետին, որպեսզի ով էլ գա, ստիպված լինի իրականացնել այն հանձնառությունները, որոնք ինքն է վերցրել: Դրա համար ընդդիմությունը չի ուզում գալ: Թիմ լինի, թե անհատ, շատ բարդ է լինելու այս իրավիճակում լավ լուծումներ ստանալ: Ինչ-որ լուծումներ, իհարկե, կկարողանան ստանալ: Ես չեմ կարծում՝ իրավիճակն անհետադարձ կործանելի է, ես պատկերացնում եմ լուծումներ, թե ինչպես կարող է լինել: Դա այն չէ, ինչ Ալիեւն ու Փաշինյանն են ցանկանում, նրանք նույն նավի մեջ են: Ես պատկերացնում եմ միջանկյալ լուծումներ՝ միջնորդների ներգրավման մեխանիզմների գործարկման միջոցով, ոչ մաքսիմալիստական դիրքերից: Կան լուծումներ, որոնք Հայաստանի թե կպահեն, թե հնարավորություն կստեղծեն ինչ-որ չափով, ինչ-որ դեմքով դուրս գալ այն խայտառակությունից, որում հայտնվել ենք»,-ասաց նա:
Հարցին, թե ում է տեսնում, որ կարող է այդ փոփոխություններն իրականացնել, Ղեւոնդյանն ասաց. «Ինչ-որ մարդկանց, ինչ-որ եզակի թիմերի ինչ-որ մասեր ես տեսնում եմ, բայց նրանք տեխնոկրատ են ավելի շատ: Այսինքն մարդիկ, որոնք ներսից գիտեն՝ ինչ է պետությունը, որոնք կամային հատկանիշներ ունեն: Մի մասին հասարակությունը չի էլ ճանաչում, բայց դա չի կարեւորը: Գործող իշխանությանը հասարակությունը ճանաչում էր, տեսանք, ինչ աղետ բերեց: Ես հասարակությանը չեմ մեղադրում, հասարակությանը հասցրել էին այդ վիճակին, որ խաբվեց եւ արդարության փնտրտուքով հասավ ավելի մեծ աղետի»:




















