ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրոմիության առաքելության ընդլայնմանը
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելության ընդլայնմանը։ Այս մասին հայտնում է առաքելության մամուլի ծառայությունը։ «Ողջունում ենք Եվրոմիության առաքելության ընդլայնման վերաբերյալ ԵՄ Խորհրդի որոշումը։ Առաքելության հաստիքների ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,-ասված է առաքելության X-ի էջում։
ԵՄ երկրների արտգործնախարարները դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 11-ին են որոշում կայացրել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: ԵՄ առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում։ Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ 2 տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն` ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրոմիության առաքելության ընդլայնմանը:
Comentarios