ԱՄՆ նախագահը Պուտինին անվանել է խելագար շան որդի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի, Կալիֆոռնիայում միջոցների հավաքման հրապարակային միջոցառման ժամանակ Ռուսաստանի դիկտատոր Վլադիմիր Պուտինին անվանել է «խելագար շան որդի», գրել է AFP-ն։
«Մենք խելագար շան որդի ունենք (SOB), ինչպես այդ տղան է՝ Պուտինը, էլի ոմանք, եւ մենք միշտ պետք է անհանգստանանք միջուկային հակամարտության հետ կապված, բայց մարդկության գոյաբանական սպառնալիք է մնում կլիման»,- ասել է Բայդենն իր կարճ ելույթում Սան Ֆրանցիսկոյի միջոցառման ժամանակ, որին ներկա էր թղթակիցների ոչ մեծ խումբ։
Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ն ուրբաթ կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասին՝ կապված ռուսական բանտում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու մահվան հետ։
Սան Ֆրանցիսկոյում միջոցների հավաքման միջոցառման ժամանակ Բայդենը նաեւ բանավոր քննադատել է նախագահական ընտրություններում իր պոտենցիալ մրցակից Դոնալդ Թրամփին այն բանում, որ վերջինը իր իրավաբանական խնդիրները համեմատել է Նավալնու ճակատագրի հետ։
«Նա իրեն համեմատել է Նավալնու հետ եւ ասել. քանի որ երկիրը դարձել է կոմունիստական, իրեն հետապնդում են այնպես, ինչպես հետապնդում էին Նավալնուն։ Ես չգիտեմ, սատանան տանի, թե ինչպես դուք կարող եք նման բան պատկերացնել»,- ասել է Բայդենը։
«Այլ դեպքերում Պուտինին, որը ներխուժել է Ուկրաինա 2022թ. փետրվարին, Բայդենն անվանել է «մսագործ» եւ «ռազմական հանցագործ», գրել է կայքը:




















