Հիմա շատ դժվար է մեր բնագծերն աննկատ անցնել. Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է մեկ հոգի, այս մասին լրագրողներին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Թե ինչ հոդված է՝ շուտով Քննչական կոմիտեն հայտարարություն կանի»,- ասաց նա։
Քոչարյանի խոսքով՝ ադրբեջանական կողմն էլ է հաստատել, որ մեկ հոգի է սահմանը հատել, երկրորդի մասին խոսք չկա։
ՀՀ համապատասխան կառույցները ադրբեջանցուն վնասազերծել են։ Ըստ Քոչարյանի՝ հիմա շատ դժվար է մեր բնագծերն աննկատ անցնել։
«Ամեն անգամ մենք այդ բնագծերի կարողություններն ավելացնելով՝ համարյա հնարավորություն չենք թողնելու՝ նման թափանցումները դառնան իրականություն»,- ասաց նա։
Քոչարյանը դեռ չգիտի՝ ինչ ճակատագիր կունենա ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին։
«Հոդվածից է կախված՝ ինչ հոդվածով է մեղադրվում, դրանից հետո ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենանք խոսելու, մենք էլ գերիներ ունենք»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով։
Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից:
Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:
Kommentare