«Նա հիանալի տղա է». Թրամփը հայտնել է՝ հավանական փոխանախագահի անունը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հարավային Կարոլինայից սենատոր Թիմ Սքոթին դիտարկում է որպես հավանական փոխնախագահ՝ նշելով, որ «նա հիանալի տղա է»։
Նախկինում Սքոթը, որը Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուներից էր, աջակցում էր Թրամփին Սպիտակ տուն վերադառնալու քարոզարշավի շրջանակում։ Ըստ Սքոթի՝ ԱՄՆ-ին պետք է նախագահ, որը «այսօր» կփակի սահմանը և «կհամախմբի երկիրը»։
«Նա այն տղան է, որին ուղղված է հայացքս», - ասել է Թրամփը The Howie Carr Show-ի եթերում, երբ նրան հարցրել են փոխնախագահի պաշտոնի մասին:Միևնույն ժամանակ, Թրամփը հստակ դրական պատասխան չի տվել հարցին, այլ միայն սկսել է գովել սենատորին՝ «նա հիանալի տղա է, նա երկար ժամանակ իմ ընկերն է»։
Դեկտեմբերի վերջին Թրամփը հայտարարել էր, որ դեռևս ոչ ոքի չի դիտարկում որպես իր պոտենցիալ փոխնախագահ 2024 թվականի ընտրություններում։ ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Թրամփն ու ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին պայքարում են հանրապետականների թեկնածության համար։ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, Հյուսիսային Դակոտայի նահանգապետ Դագ Բուրգումը, Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը, Հարավային Կարոլինայի սենատոր Թիմ Սքոթը, գործարար Վիվեկ Ռամասվամին և Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին արդեն դուրս են մնացել պայքարից։ Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը նույնպես հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից։




















