top of page

«Սահմանադրության փոփոխությունը կարժեզրկի պետության գաղափարը». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցանկացած պետության, ազգի քաղաքական զարգացումը չի կարող չուղեկցվել քաղաքական «տեքստի», հանրային խոսքի փոփոխությամբ։ Սա վերաբերում է և Սահմանադրությանը, օրենքներին, և իշխող վերնախավի հրապարակային ելույթների բովանդակությանը, և պատմության մեկնաբանմանը, և անգամ որոշ խորհրդանիշներին։ Փոփոխությունները կարող են տեղի ունենալ և հաջողությունների, և անհաջողությունների թելադրանքով։ Երկու դեպքում էլ դրանք նպաստում են առաջընթացին, երբ հենվում են պրակտիկ մակարդակում փոփոխությունների հստակ տեսլականի, հայեցակարգի, ծրագրի հետևողական իրականացմանը, հասարակության կողմից ըմբռնելի քայլերի վրա։ Օրինակ, Գերմանիան երկրորդ համաշխարհայինում ծանր պարտությունից հետո ստիպված էր գնալ ազգային ինքնագիտակցության հեղափոխական վերանայմանը։ Եւ դա ներդաշնակեցված էր քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքում ինտենսիվ գործնական բարեփոխումների հետ։ Որպես արդյունք ծնվեց նոր որակի հզոր պետություն, ձևավորվեց արդիականացված ինքնությամբ հասարակություն։ Սակայն երբ «տեքստի» վերանայումը իրականացվում գործնական ծրագրերի, հստակ քաղաքականության եւ արդյունավետ պրակտիկ քայլերի փոխարեն, մեծագույն ռիսկ կա, որ կստանաս ոչ թե ժամանակին և իրողություններին համապատասխանող ինքնության արդիականացում, այլ ինքնության կորուստ, ինչն իր հերթին կարժեզրկի քաղաքացիների էական մասի աչքերում պետության գաղափարը»:

1/1824
bottom of page