top of page

Պերմցի կոմունիստ պատգամավորին զրկել են մանդատից. նա արտահայտվել է պատերազմի դեմ եւ Պուտինին հրեշ է անվանել

Jan 24, 2024
1 min read

Պերմի Քաղաքային դուման ժամկետից շուտ պատգամավորի լիազորություններից զրկել է ՌԴԿԿ-ից պատգամավոր ընտրված Սերգեյ Մեդվեդեւին, որը դեմ է արտահայտվել Ուկրաինա ռուսական ներխուժմանը, տեղեկացրել է 59.ru պարբերականը։

Որոշումն ընդունվել է միաձայն, կողմ քվեարկել է 33 պատգամավոր։

«Այսօր այս որոշման ընդունումը համարում եմ կարեւոր եւ հրատապ։ Չի կարող պատգամավոր լինել մեկը, որը չի աջակցում մեր պետության գաղափարախոսությանը։ Այսօր, երբ, ինչպես երբեք, կարեւոր են մեր ընդհանուր համախմբումն ու մեր երկրի ղեկավարության նախանշած նպատակներին հասնելու ձգտումը»,- հունվարի 23-ի նիստում հայտնել է Պերմի քաղաքային դումայի խոսնակ Դմիտրի Մալյուտինը։

Ինչպես գրել է «Новый компаньон» պարբերականը, հունվարի 13-ին Սերգեյ Մեդվեդեւին հեռացրել են ՌԴԿԿ խմբակցությունից։ Խմբակցության ղեկավարը նշել է, որ դա արվել է հենց պատգամավորի նախաձեռնությամբ։ Մեդվեդեւը հերքում է, որ խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել։

Դեկտեմբերի 31-ին Սերգեյ Մեդվեդեւը «ВКонтакте»-ի անձնական էջում, որի հասանելիությունը սահմանափակ է, հրապարակել է հակապատերազմական գրառում՝ Վլադիմիր Պուտինի քննադատությամբ։ «Ռուսաստան, արթնացի՛ր։ Քեզ սպանում են։ Ահավոր է գիտակցել, հրեշը, որը կանգնած է դրա թիկունքում, նորից ընտրությունների է գնում։ Ուզում եմ, որ ավարտվի պատերազմը։ Ուզում եմ Ռուսաստանը տեսնել ազատ պուտինից»,- գրել է պատգամավորը։

Հունվարի սկզբին Մեդվեդեւի գրառման սքրինշոթը տարածվել է հայրենասիրական թելեգրամ-ալիքներով։ Պերմցի կոմունիստները հայտարարել են, որ իրենց կուսակցով պետք է զբաղվեն «իրավասու մարմինները»։

Հունվարի 13-ին Սերգեյ Մեդվեդեւը թռել է Ղազախստան, այնտեղից էլ՝ Վրաստան։ Ուրալյան ԶԼՄ-ները, հղում կատարելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրներին, տեղեկացրել են, որ հեռանալուց հետո պատգամավորի հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել։ 

1/3081
bottom of page