top of page

Երևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը, գնալու ենք իրավական ճանապարհով. Տոնոյանը՝ «Մուլտի Վելնես»-ի մասին

  • 5 hours ago
  • 1 min read

Երևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը, գնալու ենք իրավական ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ընկերությանը ուղարկված ծանուցմանը, որը վերաբերել է կնքված կառուցապատման պայմանագրից հրաժարվելու մասին:

«Շատ մանրամասնորեն իրավական մանրամասներին չեմ տիրապետում, որովհետև «Մուլտի Վելնես»-ը հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներից մեկն է, որտեղ պարոն Ծառուկյանը բաժնեմասեր ունի, բայց այո, տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծարելու վերաբերյալ ծանուցագիր ենք ստացել: Տարածքը վարձակալության է տրված մինչև 2065 թվականը, և առանց որևէ հիմնավորում ներկայացնելու Երևանի քաղաքապետարանը՝ սեփական քմահաճույքով, որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը՝ 1 ամիս շուտ այս մասին տեղեկացնելով:

Բնականաբար, ինչպես ցանկացած այլ դեպքում, այս դեպքում ևս մենք գնալու ենք իրավական ճանապարհով, որովհետև մինչև 2065 թվականը ունենալով վարձակալության պայմանագիր, երբ 1 գիշերում նման որոշում է կայացվում՝ հասկանալի է, որ սա քաղաքական կոմպոնենտ է իր մեջ պարունակում ու իշխանությունները հերթական անգամ իրենց ձեռքի տակ ունեցած վարչական ռեսուրսներն ու լծակները փորձում են օգտագործել»,- նշել է Տոնոյանը:

Տոնոյանն ընդծեց՝ առաջիկայում իրավաբանները ավելի հստակ հարցի հետ կապված դիրքորոշում կներկայացնեն, սակայն իր խոսքով՝ ծանուցագիրը բացարձակ հիմնազուրկ է:

Հավելեց, որ այս օրերին «Մուլտի Գրուպ Կոնցերն»-ի տասնյակ ընկերություններում են տարատեսակ հարկային ստուգումներ և որոշակի գործընթացներ տեղի ունենում:

 
 
1/2930
bottom of page