top of page

FLYONE ARMENIA ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան

  • 2 days ago
  • 2 min read

Երևան, 2026 թ․ հունիսի 18 – FLYONE ARMENIA ավիաընկերությունը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքը Հայաստանի ավիացիոն շուկայում՝ ընդլայնելով ավիապարկը, զարգացնելով տեխնիկական սպասարկման կարողությունները և նպաստելով Հայաստանի ավիացիոն ոլորտի երկարաժամկետ զարգացմանը։

Սույն թվականի հունիսի 18-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ պաշտոնական միջոցառում, որի շրջանակում կայացավ FLYONE ARMENIA ավիաընկերության օդանավերի շքերթը թռիչքուղում։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ավիապարկը համալրած Airbus A320 և Airbus A321 օդանավերը, իսկ Airbus A321 օդանավն իրականացրեց ցուցադրական թռիչք, որն ուղեկցվեց ջրային կամարի հանդիսավոր արարողությամբ։


Միջոցառման շրջանակում պաշտոնապես նշվեց նաև «Սիլ Տեխնիքս» ընկերության բացումը։ Ընկերությունը հիմնադրվել է եվրոպական ավիացիոն անվտանգության ստանդարտներին համապատասխան և հանդիսանում է Հայաստանում իր տեսակի մեջ եզակի տեխնիկական սպասարկման կենտրոն։ Այն հնարավորություն կստեղծի սպասարկել ինչպես FLYONE ARMENIA-ի, այնպես էլ այլ ավիաընկերությունների օդանավերը՝ տեղական և եվրոպական ինժեներական ներուժի ներգրավմամբ և եվրոպական ավիացիոն անվտանգության չափանիշներին համապատասխան։


Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «SIL Capital» ընկերության հիմնադիր Էդուարդ Սուքիասյանը, ինչպես նաև պետական կառույցների, ավիացիոն ոլորտի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման, ավիապարկի ընդլայնման, տեխնիկական սպասարկման կարողությունների հզորացման և երկրի ավիացիոն անկախության ամրապնդման տեսանկյունից։


Ընկերության ներդրումային ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար։ Ներդրումներն ուղղված են ավիապարկի ընդլայնմանը, ավիացիոն ենթակառուցվածքների զարգացմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի ավիացիոն անկախության ամրապնդմանը։

FLYONE ARMENIA-ի նոր օդանավերը կնպաստեն նաև Հայաստանի տնտեսական աճին, զբոսաշրջության զարգացմանը և շուրջ 300 նոր աշխատատեղերի ստեղծմանը։

«Այսօր մեզ համար առանձնահատուկ օր է։ Մենք հավաքվել ենք այստեղ՝ նշելու FLYONE Armenia ավիաընկերության նավատորմի համալրումը նոր Airbus A321 և Airbus A320 օդանավերով։ Յուրաքանչյուր նոր օդանավ պարզապես նավատորմի ընդլայնում չէ. Այն խորհրդանշում է Հայաստանի ավիացիայի ապագայի նկատմամբ մեր վստահությունը, հաստատում է մեր երկարաժամկետ ռազմավարությունը, և ⁠արտացոլում է մեր վստահությունը, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի կարևոր ավիացիոն կենտրոններից մեկը »,– նշել է FLYONE ARMENIA-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։


2026 թվականին FLYONE ARMENIA-ի սեփական օդանավերի թիվը կհասնի 11-ի, իսկ ընդհանուր շահագործվող օդանավերի թիվը՝ 15-ի։ Airbus A321-ը համարվում է իր դասի առաջատար օդանավերից մեկը՝ աչքի ընկնելով բարձր արդյունավետությամբ, թռիչքային ճկունությամբ և ուղևորների համար հարմարավետությամբ։ Օդանավն ապահովված է ժամանակակից տեխնոլոգիաներով և նոր սերնդի հարմարություններով՝ ուղևորներին առաջարկելով առավել հարմարավետ և անվտանգ թռիչքային փորձառություն։

FLYONE ARMENIA-ն շարունակելու է ընդլայնել իր ավիապարկը, զարգացնել միջազգային ուղղությունների ցանցը և ներդրում ունենալ Հայաստանի՝ որպես տարածաշրջանային ավիացիոն կենտրոնի դիրքերի ամրապնդման գործում։

FlyOne Armenia-ի մասին․


FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին։ Ներկայում ավիաընկերությունն իրականացնում է թռիչքներ 31 ուղղություններով՝ դեպի Եվրոպայի, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրներ՝ շարունակաբար ընդլայնելով իր երթուղային ցանցը։


Գործունեության մեկնարկից ի վեր FLYONE ARMENIA-ն փոխադրել է ավելի քան 3,5 միլիոն ուղևոր։ Ավիաընկերությունը շահագործում է Airbus A320/A321 ընտանիքի ժամանակակից օդանավեր, որոնք լիովին համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։

 
 
1/2932
bottom of page