«Նոա» ՖԱ-ում բացվել է սննդաբանության բաժին
- 22 minutes ago
- 1 min read

«Նոա» ֆուտբոլային ակումբում տեղեկացնում է, որ ակումբում արդեն գործում է սննդաբանության բաժին։
Ակումբի սննդաբանի պաշտոնը զբաղեցնում է Պաուլա Օնիտան, որի նախորդ աշխատավայրը եղել է ֆրանսիական ՊՍԺ–ն։ Ֆրանսիական ակումբի ակադեմիայում Պաուլա Օնիտան անցկացրել է դասընթացներ և մասնագիտական աշխատանք։
«Նոա» ՖԱ–ին միանալուց հետո Պաուլա Օնիտան կիսվել է իր տպավորություններով․ «ՊՍԺ-ում անհավանական մասնագիտական շրջանից հետո եկել է ժամանակը պատմելու իմ կարիերայի հաջորդ քայլի մասին։
Ես ստացել եմ մինչ այժմ իմ ունեցած ամենակարևոր մասնագիտական հնարավորություններից մեկը «Նոա» ՖԱ–ում։ Ինձ ընձեռնվել է սննդաբանության բաժինը զրոյից ստեղծելու և զարգացնելու հնարավորություն։
Անչափ ուրախ եմ միանալու ակումբին՝ որպես սննդաբանության բաժնի ղեկավար։
Ինձ համար սա պարզապես նոր պաշտոն չէ։ Սա վստահություն և մեծ պատասխանատվություն է՝ բաժինը հիմքից ստեղծելու և սննդաբանությունը ակումբի բարձր արդյունքների ապահովման ռազմավարության մեջ ինտեգրելու համար։
Ես հնարավորություն ունեմ այստեղ բերելու մինչ այժմ կուտակած իմ փորձը, այն բարձր չափանիշները, որոնց միջավայրում աշխատելու հնարավորություն եմ ունեցել, և այն ամենը, ինչ սովորել եմ բացառիկ մասնագետներից։
Ես երախտապարտ եմ ՊՍԺ–ում անցկացրած ժամանակահատվածի և այն ամենի համար, ինչ այդ փուլը տվել է իմ մասնագիտական զարգացմանը։ Իսկ հիմա սկսվում է մեկ այլ փուլ։ Մի փուլ, որը ես հնարավորություն ունեմ կառուցելու զրոյից։
Նոր երկիր։ Նոր ակումբ։ Նոր մարտահրավեր»:
Նշենք, որ «Նոան» օգոստոսի 20-ին հայտարարեց նաև նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Թիմի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել ուրուգվայցի 49-ամյա մասնագետ Պաբլո Գարսիան։




















