top of page

Viva-ի գլխավոր տնօրենը որպես խոսնակ մասնակցել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը

  • 2 hours ago
  • 2 min read

Երևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը, որը միավորում է հեռահաղորդակցության օպերատորներին, պետական և կարգավորող մարմիններին, միջազգային տեխնոլոգիական կազմակերպություններին, ինչպես նաև կրթական հաստատություններին՝ քննարկելու ոլորտի զարգացման առաջնահերթությունները, նորարարությունները և թվային ապագան։ 

Շաբաթվա շրջանակում Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը մասնակցել է «Կապից դեպի թվային ծառայություններ․ օպերատորների նոր դերը» պանելային քննարկմանը։

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Էֆնեթ» ընկերության տնօրեն Գևորգ Ենգիբարյանը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը և «ԱյՆեթ» ընկերության տնօրեն Դավիթ Աբրահամյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հեռահաղորդակցային օպերատորների դերի փոփոխությանը և թվային ծառայությունների զարգացմանը, մասնավորապես հաճախորդների փորձի և սպասումների փոփոխություններին, հուսալի և անվտանգ թվային միջավայրի ապահովմանը, 5G-ի, IoT-ի և խելացի լուծումների կիրառմանը, ինչպես նաև նոր եկամտային մոդելների ձևավորմանը։

«Ժամանակակից աշխարհում, որտեղ տվյալների կենտրոնները, ամպային տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը զարգանում են աննախադեպ արագությամբ, պետք է հստակ հասկանալ, որ թվային ապագայի հիմքում շարունակում է մնալ կապի օպերատորների ենթակառուցվածքը։ Հենց հեռահաղորդակցական ցանցերն են ձևավորում այն հիմնարար միջավայրը, առանց որի անհնար են մասշտաբային հաշվարկները, կայուն ամպային ծառայություններն ու լիարժեք թվային տնտեսությունը։

Այս համատեքստում IoT-ի վրա հիմնված լուծումները դառնում են կարևոր գործիք՝ ֆիզիկական օբյեկտները թվային համակարգերի հետ ինտեգրելու համար։ Ապահովելով տվյալների անընդհատ հավաքագրում և վերլուծություն իրական ժամանակում՝ IoT-ն հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել ռեսուրսները՝ էներգիան, ջուրը, ենթակառուցվածքները և արտադրական գործընթացները։ Սա նպաստում է գործառնական արդյունավետության բարձրացմանը, ծախսերի նվազեցմանը և կայուն զարգացմանը։

Միևնույն ժամանակ, IoT-ի իրական մասշտաբային կիրառումն առավել արդյունավետ է, երբ այն հիմնված է բարձր արագությամբ, հուսալի և անխափան կապի վրա։ Հենց 5G և 5G+ տեխնոլոգիաներն են ձևավորում այն ենթակառուցվածքը, որի հիման վրա IoT համակարգերը կարող են աշխատել իրական ժամանակում՝ նվազագույն ուշացումներով և մեծ ծավալի տվյալների արագ փոխանցմամբ։ Սա էականորեն բարձրացնում է ամպային ծառայությունների, մեծ տվյալների հարթակների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների արդյունավետությունը՝ արագացնելով տվյալների հավաքագրման և վերլուծության գործընթացները և ապահովելով ավելի ճշգրիտ ու օպերատիվ որոշումներ։

Viva-ն շարունակում է զարգացնել իր թվային էկոհամակարգը՝ ներդրումներ կատարելով նոր սերնդի ենթակառուցվածքներում և ինտեգրված թվային լուծումներում։ Viva IoT Hub հարթակը տրամադրում է ծառայությունների ամբողջական շղթա՝ սարքերի միացումից մինչև տվյալների վերլուծություն՝ աջակցելով բիզնեսի թվային փոխակերպմանը։ Զուգահեռաբար Viva-ն ակտիվորեն ներդրումներ է կատարում Հայաստանում 5G ցանցի զարգացման ուղղությամբ՝ դիտարկելով այն որպես երկրի թվային տնտեսության կարևոր հիմքերից մեկը։ Viva-ի կողմից ձեռք բերված հաճախականությունների տիրույթները, որոնք նախատեսված են 5G-ի ներդրման համար, ստեղծում են լրացուցիչ ներուժ ժամանակակից թվային ծառայությունների, այդ թվում՝ նոր սերնդի IoT լուծումների արագ զարգացման համար։

Viva-ի ենթակառուցվածքի կարևոր առավելություններից է նաև եվրոպական ուղղությամբ դիվերսիֆիկացված միջազգային օպտիկամանրաթելային կապուղիների առկայությունը։ Աշխարհագրորեն անկախ երթուղիները և սարքավորումների պահուստավորումն ապահովում են տվյալների փոխանցման բարձր անխափանություն և հուսալիություն՝ բարձրացնելով թվային ծառայությունների կայունությունն ու շարունակականությունը, որոնք այսօր դարձել են տնտեսության և հասարակության համար կենսական նշանակության ենթակառուցվածք», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Շաբաթվա շրջանակում նախատեսված են նաև կլոր սեղան քննարկումներ, աշխատաժողովներ, ոլորտային այցելություններ, ինչպես նաև երեխաների առցանց անվտանգությանն ու երիտասարդների ներգրավմանը նվիրված միջոցառումներ՝ ձևավորելով արդյունավետ գործընկերային և մասնագիտական շփումների հարթակ։

 
 
1/2749
bottom of page