Կառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. Փաշինյանը՝ «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․մարդասիրական երկխոսություն և համագործակցություն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին, որն անցկացվում է Երևանում նոյեմբերի 19-20-ին:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Կառավարության անդամներ, միջազգային և տարածաշրջանային փորձագետներ, իրավապաշտպաններ և անհայտ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներ։
Համաժողովի նպատակն է քննարկել հակամարտությունների հետևանքով անհայտ կորած համարվող անձանց խնդիրը, անդրադառնալ նրանց ճակատագրերի պարզաբանմանն ուղղված հնարավոր մեխանիզմներին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու ուղիներին։
Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին և իր խոսքում նշել, որ անհայտ կորած անձանց հետ կապված խնդիրները ժամանակակից կյանքի ամենացավոտ հարցերից մեկն է. «Իհարկե, բանալի բառն այս թեմայի մեջ «անհայտն» է, որովհետև խնդիրները բարդանում են նրանով, որ թեմային առնչվող բազմաթիվ հանգամանքներ անհայտ են, և, ըստ էության, մենք ունենք խնդիր բազմաթիվ անհայտներով խնդիր լուծելու։ Սրանում է պրոբլեմը: Եվ երբ երբեմն քննարկումներ ենք ունենում գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատների հետ, երբ նրանք ասում են, հասկանալի հարց են առաջադրում, որ ուզում են ստանալ կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ, հենց ամենաբարդ իրավիճակը դա է, որ հարցերի պատասխաններ պարզապես չկան, և խնդիրն այդ հարցերի պատասխանները գտնելն է»։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է այս ձևաչափով քննարկումներ իրականացնելուն, ընդգծել, որ գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրի պարզաբանման հարցերում հնարավոր չէ առանց միջազգային համագործակցության. «Բազմաթիվ հարցերի պոտենցիալ պատասխաններ ակնհայտորեն գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից և նույնիսկ Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորություններից դուրս: Իհարկե, այստեղ առանց միջազգային համագործակցության, նաև միջազգային փորձի մանրամասն ուսումնասիրության և միջազգային կյանքում կիրառված, հաջողված փորձերի որդեգրման հնարավոր չի լինի այս խնդրի լուծումը։
Հայաստանի Հանրապետությունն այսօր առերեսվում է շուրջ 1000 անհայտ կորած անձանց խնդրի հետ, նրանցից շուրջ 777-ն անհայտ կորած են համարվում դեռևս 90-ականների սկզբից, և, իհարկե, նաև մեր մյուս հայրենակիցները, որոնք անհայտ կորած են համարվում 2020 թվականի իրադարձությունների հետևանքով և դրանից հետո։
Ակնհայտ է, իհարկե, որ այս խնդրի լուծման ամենաարդյունավետ ձևը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է։ Եվ պիտի արձանագրեմ, որ նաև Դուբլինում տեղի ունեցած քննարկումների համատեքստում մենք առավել կոնկրետ ու մանրամասն ենք քննարկում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման շուրջ համագործակցությունն առավել ինստիտուցիոնալ դարձնելու խնդիրները: Իհարկե, ամենակարևոր պրոբլեմներից և բարդություններից մեկն այն է, որ թեմայի շուրջ կա մեծ և լրջագույն անվստահություն: Կա անվստահություն անհայտ կորած անձանց հարազատների կողմից Կառավարության նկատմամբ, որովհետև հենց «անհայտ» բառն ինքը բերում է շատ վարկածների համար մեծ հնարավորություն և տարածք»:




















