top of page

Երևանի կառավարման ճգնաժամը խորանում է․ խցանումներից մինչև քաղաքաշինական քաոս․ ընդդիմադիրները՝ Ավինյանի քաղաքականության մասին

6 hours ago
4 min read

Երևանում երթևեկության կաթվածահար վիճակը, շարունակվող շինարարությունները, տրանսպորտային խնդիրներն ու քաղաքային ենթակառուցվածքների ծանրաբեռնվածությունը շարունակում են դժգոհությունների առիթ դառնալ։ Մինչ քաղաքային իշխանությունները տարբեր սահմանափակումներով փորձում են լուծել առկա խնդիրները, ընդդիմադիրները պնդում են՝ դրանց մի մասը ոչ միայն չի բարելավում իրավիճակը, այլև հակառակ ազդեցությունն է ունենում։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի խոսքով՝ մարզային տրանսպորտի մուտքի սահմանափակումը դրա վառ օրինակներից է։ Նրա դիտարկմամբ՝ մարզերից ժամանող քաղաքացիները, այդ թվում՝ ուսանողները, ստիպված են ավտոկայանից շարունակել ճանապարհը տաքսիներով, ինչն ավելի է ծանրաբեռնում մայրաքաղաքի երթևեկությունը։

«Ավտոբուսը կանգնեցնում են, ստիպված տաքսի են նստում, քանի որ հնարավոր չի լինում տեղափորվել հասարակական տրանսպորտի մեջ։ Այսինքն՝ հակառակ էֆեկտն է տալիս, ավելի շատ մեքենաներ են գալիս։ Սա պարզապես անգրագիտության և կոռուպցիայի արդյունք է»,- Tert.am-ի հետ զրույցում նշում է Զարոկյանը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն էլ կարծում է, որ երթևեկության խնդիրներն ու խցանումները քաղաքային կառավարման ձախողման ընդամենը մեկ դրսևորումն են։

Օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ խցանումների հիմնական պատճառը ոչ թե նորակառույց շենքերն ու շինթույլտվություններն են, այլ ավտոմեքենաների մեծ քանակն ու հոսքը։ Ստեփանյանը, սակայն, հակադարձում է՝ նշելով, որ առաջարկվող սահմանափակումները չեն լուծելու խնդիրը։

«Այս իշխանությունը ձախողել է քաղաքի կառավարումը բոլոր ոլորտներում, չկա մի ոլորտ, որտեղ բարելավում են արել։ Խայտառակ խցանումների հետ կապված ասում են, թե սահմանափակումներով որոշակի խնդիրներ են լուծելու։ Տիգրան Ավինյանը սխալվում է, հարցը չի լուծվելու։ Ընդհակառակը՝ մոտավորապես տասը օր հետո Երևանում շարժվելն ուղղակի անհնար է լինելու»,- Tert.am-ի հետ զրույցում ասում է Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ քննարկվող սահմանափակումները կարող են հանգեցնել նրան, որ Երևանում մեքենաների տեղաշարժը պայմանավորվի դրանց տարեթվով և համարանիշներով՝ քաղաքը փաստացի բաժանելով տարբեր հնարավորություններ ունեցող քաղաքացիների՝ հարուստների և քաղքատների։ Խոսքը, մասնավորապես, հին մեքենաների համար նախատեսվող սահմանափակումների, ինչպես նաև կենտ և զույգ համարանիշներով երթևեկության օրերի սահմանման մասին է։

Մեր այն դիտարկմանը, թե ինչպես են սահմանափակելու մուտք ու ելքը, ինչպես են դա գործնականում կիրառելու, Ստեփանյանը նշեց․ «Հստակ չէ, բայց հավանաբար քաղաք մտնող ճանապարհների տեսախցիկներն օգտագործելով և տուգանքներ սահմանելով»։

Զարոկյանի գնահատմամբ՝ Երևանի հիմնական խնդիրներից մեկը քաղաքաշինական պլանավորման բացակայությունն է։ Նա պնդում է, որ բարձրահարկ շենքերի կառուցման թույլտվությունները տրվում են առանց հստակ գոտիավորման և երկարաժամկետ հաշվարկների։

«Մենք երեք տարի է՝ ասում ենք՝ բերեք քաղաքաշինական պլանավորում իրականացնենք, բայց որևէ նախապատրաստություն չկա։ Այսքան բարձրահարկ շենքեր երբեք չենք ունեցել։ Խուսափում են գլխավոր հատակագծում հստակ գոտիավորում սահմանելուց, որպեսզի որոշեն՝ որտեղ քանի հարկանի շենք կարելի է կառուցել։ Իմ կարծիքով՝ դրա պատճառը կաշառակերությունն է, որպեսզի հայեցողությամբ որոշումներ կայացնեն»,- ասում է նա։

Քաղաքաշինական մեծ ծավալների հետևանքների վերաբերյալ մտահոգություն է հայտնում նաև Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ բարձրահարկ շենքերի կառուցման թույլտվություններ տրամադրելիս պատշաճ գնահատման չեն ենթարկվում ոչ միայն սեյսմիկ ռիսկերը, այլև կոյուղու և այլ ենթակառուցվածքների հնարավորությունները։

«Այնքան խնդիրներ կան, որ ուղղակի չգիտես՝ որը թվես։ Ընդերքը, կոյուղին․․․․ Հիմա այդքան շինթույլտվություններ եք տալիս, մենք հարց ենք բարձրացրել՝ արդյոք կոյուղին բավարարելո՞ւ է այդ ծավալը։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ կարճ ժամանակ անց ինչ պատկեր ենք ունենալու։ Դեռ հիմա, երբ ձյունը տեղա, ջրերը դուրս են գալու ու լցվելու փողոցները։ Արդեն այսօր նման մի քանի դեպք է եղել, տեսանյութերը տարածվել են համացանցում»,- ընդգծում է նա։

Զարոկյանը կարծում է, որ քաղաքային իշխանությունները չեն կիրառում անգամ երթևեկության կազմակերպման համեմատաբար պարզ լուծումները։ Որպես օրինակ՝ նա մատնանշում է առաքիչների և տաքսիների համար ժամանակավոր կայանատեղիների բացակայությունը, ինչի հետևանքով վարորդները ստիպված են կանգնել երկրորդ գծում։

«Այս տարվա ընթացքում ոստիկանությունը 35 հազար տուգանք է նշանակել երկրորդ գծում կայանելու համար։ Բայց ինչո՞ւ են մարդիկ ստիպված այդպես կանգնում։ Որովհետև քաղաքապետարանը չի նախատեսել ժամանակավոր կայանատեղիներ։ Ամբողջ քաղաքում պետք է լինեն հինգ կամ տասը րոպեանոց կայանման հնարավորություններ, որպեսզի մարդիկ կարողանան ուղևոր իջեցնել կամ ապրանք բեռնաթափել՝ առանց երթևեկությունը փակելու։ Մենք երեք տարի է՝ առաջարկում ենք այդպիսի տեղեր առանձնացնել կարմիր գծերի հատվածներում»,- նշում է ավագանու անդամը։

Նրա խոսքով՝ խցանումների պատճառներից է նաև նույնիսկ ոչ լուրջ վթարների դեպքում ճանապարհների երկար ժամանակ փակ մնալը։ Զարոկյանը կարծում է, որ եթե վթարի հետևանքով մահվան դեպք կամ լուրջ վնաս չկա, վարորդները պետք է լուսանկարեն դեպքի վայրը և ազատեն ճանապարհը՝ չսպասելով ոստիկանության ժամանմանը։ Նա նաև մատնանշում է կայանատեղիների և մետրոյի կայարանների հարևանությամբ ավտոկայանատեղիների բացակայությունը։

Մետրոյի առկա խնդիրների մասին խոսելիս Զարոկյանը հիշեցնում է, որ պիկ ժամերին վագոնների քանակը բավարար չէ ուղևորահոսքը սպասարկելու համար։ Նրա խոսքով՝ դեռ մեկ տարի առաջ մետրոպոլիտենի ղեկավարությունը խոստացել էր նոր վագոններ բերել, սակայն խոստումները շարունակվում են, իսկ մի շարք առկա վագոններ տարիներ շարունակ չեն շահագործվում։

«Մենք ունենք վագոններ, որոնք ընդամենը պետք է վերանորոգվեն և շահագործման հանձնվեն։ Դրանք երեք-չորս տարի է՝ փակված են։ Այս խնդիրները լուծելու համար հսկայական գումարներ պետք չեն, բայց որևէ առաջընթաց չկա»,- ընդգծում է նա։

Մեր այն դիտարկմանը, թե նշված իրավիճակում ինչպես և ինչ մեխանիզմներով է լինելու լուծումը, ՔՊ-ն արդեն 8 տարի կառավարում է բոլոր ոլորտներում, ընդդիմության քայլերը կամ չկան, կամ էլ հակակշիռ չեն իշխանության քայլերին, Ստեփանյանը նշեց, որ քաղաքային խնդիրների վերաբերյալ դժգոհություններն արդեն դուրս են եկել քաղաքական շրջանակներից և ընդգրկում են ավելի լայն հանրություն։

«Մենք վերջին ժամանակներում տեսնում ենք, որ արդեն այնպիսի մարդիկ ենք խոսում այս իշխանության կողմից Երևանի կառավարման ձախողումներից, ովքեր նախկինում ասում էին, թե մենք քաղաքականությամբ չեն զբաղվում։ Այսօր արդեն շատ քիչ են այն մարդիկ, ովքեր չեն արտահայտվում այն ճգնաժամային իրավիճակի մասին, որը կատարվում է Երևանում։ Այո, ձնագնդի էֆեկտով է լինելու, այնքան է մեծանալու այս ալիքը, որ այս իշխանության հեռացումն այլընտրանք չի ունենալու»,- նշում է Ստեփանյանը։

Պեդրո Զարոկյանի համոզմամբ ևս՝ առաջիկա տարիներին Երևանի վիճակի բարելավման համար անհրաժեշտ է նախ քաղաքական փոփոխություն։

«Օր առաջ պետք է ձերբազատվենք այս իշխանությունից, որովհետև վատ տեղ են տանում։ Այս մարդիկ գործունակ չեն, կոռուպցիոն են և չեն կարողանում նույնիսկ պրիմիտիվ հարցեր լուծել։ Ժողովուրդը պետք է ճիշտ ընտրություն կատարի, առնվազն Երևանում ՔՊ-ն պետք է հեռացվի իշխանությունից»,- եզրափակում է Զարոկյանը։


 
 
1/3180
bottom of page