Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները

Երևանի փողոցներում երբեմն բավական է երկու մեքենայի թեթև բախումը, որպեսզի մի քանի րոպեում երթևեկությունը կաթվածահար լինի։ Վարորդները սպասում են վթարի հանգամանքների պարզաբանմանը, ապահովագրական գործընթացների ավարտին, իսկ այդ ընթացքում առաջացած խցանումը տարածվում է հարակից փողոցների վրա՝ վերածվելով ժամեր տևող երթևեկային խնդրի։ Թեև ճանապարհատրանսպորտային պատահարները մայրաքաղաքի խցանումների միակ կամ հիմնական պատճառը չեն, դրանց հետևանքով առաջացող լրացուցիչ ծանրաբեռնվածությունը հատկապես զգալի է դառնում արդեն իսկ գերծանրաբեռնված փողոցներում։
Խնդրի կարգավորման համար օրենսդրական մեխանիզմներ նախատեսված են․ մասնավորապես, թեթև պատահարների դեպքում գործում է ճանապարհի արագ ազատման՝ 20 րոպեի պահանջը։ Սակայն հարցն այն է, թե որքանո՞վ է այս կարգավորումն արդյունավետ գործնականում, եթե վարորդները հաճախ չեն կարողանում սահմանված ժամանակում ավարտել անհրաժեշտ գործողությունները և շարունակում են մնալ երթևեկելի հատվածում։
ԱՊՊԱ բյուրոյի խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի գնահատմամբ՝ ՃՏՊ-ները որոշակի հատվածներում լրացուցիչ ծանրաբեռնում են երթևեկությունը, սակայն դրանք Երևանի խցանումների հիմնական պատճառը համարել չի կարելի։ Նրա խոսքով՝ 20 րոպեի մեխանիզմն էլ գործնականում դժվար իրագործելի է, քանի որ պատահարի մասնակիցները մինչև մեքենաները հեռացնելը պետք է հստակեցնեն մի շարք հանգամանքներ։
«Այդ օրենքը կյանքի կոչված է, բայց կիրառելի չէ։ Պատահարի ժամանակ վարորդների միջև բազմաթիվ հարցեր են առաջանում։ Նույնիսկ եթե երկու կողմն էլ համաձայն են ինքնուրույն գրանցել պատահարը, մինչև ապահովագրական ընկերությունների հետ անհրաժեշտ գործողություններն իրականացնելը, վնասները պարզելը և գործընթացը կազմակերպելը՝ 20 րոպեից ավելի ժամանակ է անցնում։ Այդ ամբողջ գործընթացը սահմանված ժամանակում տեղավորելը շատ դժվար է»,- նշում է Քեյանը։
Այսպիսով՝ խնդիրը միայն վարորդների անտեղյակությունը կամ ճանապարհը չազատելու ցանկությունը չէ։ Հարց է առաջանում՝ արդյոք սահմանված ժամկետը համապատասխանում է իրական ընթացակարգերին, և արդյոք հնարավոր է վերանայել դրանք այնպես, որ ապահովագրական գործընթացը չվերածվի քաղաքի երթևեկության լրացուցիչ խոչընդոտի։
Այդուհանդերձ, Քեյանի համոզմամբ՝ անգամ ՃՏՊ-ների հետևանքով առաջացող խցանումների վերացումը բավարար չի լինի Երևանի երթևեկությունը էապես բարելավելու համար։
Իսկ որոնք են երևանյան արդեն սովորական դարձած բարձր բալանոց խցանումների հիմնական պատճառները, Քեյանի գնահատմամբ՝ գործոնները մի քանիսն են՝ երթևեկության ոչ արդյունավետ կազմակերպումը, հանրային տրանսպորտի ոչ բավարար գրավչությունն ու այլընտրանքային տեղաշարժի հնարավորությունների սահմանափակությունը։
«Քաղաքապետարանը տարիներ առաջ պնդում էր, որ Երևանում կայանատեղիները թանկացնենք, խցանումները կթեթևանան, թանկացրեցինք՝ երկու տարի չթեթևացավ։ Այսինքն, հինական պատճառը կայանատեղիները չէին, որը որ պետք է կարգավորվեր, հիմա էլ օրենք է ընդունվում, որ երկրորդ գիծ կայանածների տուգանքը բարձրացնեն, բայց դա էլ չի պատճառը: Հիմնական պատճառը երթևեկության սխալ կազմակերպումն է։ Պետք է քաղաքային իշխանությունները մասնագետներ ներգրավեն, որպեսզի երթուղիները ճիշտ կազմակերպվեն։ Բացի այդ, անհրաժեշտ է բարելավել հանրային տրանսպորտը և ստեղծել այլընտրանքային տեղաշարժի հնարավորություններ»,- ընդգծում է նա։
Քեյանի առաջարկներից մեկը քաղաքում հանրային տրանսպորտի համար անարգել երթուղիների ամբողջական ցանցի ձևավորումն է։ Նրա կարծիքով՝ առանձնացված երթուղիներից պետք է կարողանան օգտվել նաև համապատասխան կարգով լիցենզավորված տաքսի ծառայությունները, իսկ հեծանվորդների և ինքնագլորների համար ևս անհրաժեշտ են առանձնացված ուղիներ։
Նրա համոզմամբ՝ տրանսպորտային քաղաքականությունը չպետք է սահմանափակվի մասնավոր ավտոմեքենաների օգտագործումը բարդացնելով կամ վարորդների նկատմամբ տուգանքներն ավելացնելով։ Փոխարենը պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում քաղաքացին սեփական մեքենայից հրաժարվելու գործնական պատճառ կունենա։
«Պետք է այնպես անել, որ մարդն ինքը նախընտրի հանրային տրանսպորտը։ Եթե քաղաքային տրանսպորտը հարմարավետ լինի, և քաղաքացին կարողանա Ա կետից Բ կետ արագ ու մատչելի հասնել, նա գուցե այլևս մեքենայով չտեղաշարժվի։ Խնդիրը մարդկանց սահմանափակումների առաջ կանգնեցնելը չէ, այլ նրանց համար հարմարավետ այլընտրանք ստեղծելը: Եվ վերջին երկարաժամկետ քայլը, միակողմանի փողոցները պետք է ընդլայնեն դեպի աջակողմյան երթևեկությունը: Սարյան փողոցը, տեսեք, դարձրել են միակողմանի, այդ փողոցը բավականին կարգավորվել է, հոսքն ավելի արագացել է»,- ասում է Քեյանը։
Մյուս կարևոր հանգամանքը վարորդական մշակույթն է։ Ըստ Քեյանի՝ խցանումների առաջացմանը նպաստում են ոչ միայն վթարները, այլև խաչմերուկների ծանրաբեռնումը, վերջին պահին երթևեկության հոսք մտնելը, լուսացույցի ազդանշանները չպահպանելը և այնպիսի խախտումները, որոնց հետևանքով վարորդներն իրենք են արգելափակում երթևեկությունը։
«Երբ վարորդը ծանրաբեռնված խաչմերուկ է մտնում՝ առանց հաշվի առնելու, որ այնտեղից դուրս գալու հնարավորություն չկա, ինքն է խցանում ստեղծում։ Երբեմն նման իրավիճակն ավելի մեծ խնդիր է առաջացնում, քան 20 րոպե տևող վթարը»,- նկատում է նա։
Քեյանի խոսքով՝ խնդրի երկարաժամկետ լուծումներից մեկը երթևեկության կանոնների ուսուցումը դեռ մանկապարտեզից և դպրոցից սկսելն է։ Նա կարևորում է նաև բալային համակարգի հետևողական կիրառումը՝ հատկապես կոպիտ խախտումների, ոչ սթափ վիճակում և արագության գերազանցմամբ մեքենա վարելու դեպքերում։
«Մենք մեխանիզմ ունենք այդ բալային համակարգով, որով օրինազանց վարորդներին անգամ զրկում էին վարորդական վկայականից, որը կատարվեց, սակայն նախորդ ընտրություններում մի մասը համաներվեցին, նորից վերականգնվեց իրենց վարորդական վկայականները։ Հիմա չգիտեմ այդ մեխանիզմը ինչի էր պետք ներդնել, ապա նորից համաներում կիրառել։ Այդ մեխանիզմը աշխատում էր, այդ համակարգը բավական մեծ փոփոխություններ արեց, վկայականին զրկվեցին հատկապես այն վարորդները, ովքեր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա էին վարում, ընդ որում մահվան ելքով և ծանր վնասվածքների հասնող վթարների մեծ մասը հենց ոչ սթափ վիճակում վարելու հետևանքով է, երկրորդ պատճառը արագ երթևեկելն է»,- նկատում է Քեյանը:




















