top of page

Հրայր Թովմասյանի տունը ուզում էին խուզարկել, որ 8 մլն-ը գերազանցող իրեր գտնեին, գործ է կարվել. Օրբելյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 28, 2024
  • 2 min read

Այս գործի հարուցումը չի կարող համարվել օրինական, որովհետեւ քրեական հետապնդումը հարուցվել է ոչ գլխավոր դատախազի կողմից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստում հայտարարեց նրա պաշտպան Արամ Օրբելյանը՝ ներկայացնելով պաշտպանական ճառը:

«Հրայր Թովմասյանի մասնակցությամբ դատական ակտերում ակնհայտ է, որ տեղի են ունեցել  գաղտնալսումներ, ստացվել են դատական ակտեր, որոնք իրենց էությամբ համարվում են քրեական հետազոտում, որովհետեւ միջնորդություններում հստակ նշված են հանգամանքներ: Ինչու չի ներկայացվել դրանց մասին տեղեկատվություն:

Դատական ակտերի վերլուծությունից պարզ է դառնում, որ Հրայր Թովմասյանի տանը փորձում են ստանալ խուզարկության որոշումներ, չեն ստանում, հետո թաքցնելով այդ հանգամանքը, ինչ-որ եղանակներով ստանում են, որպեսզի իր տանը գտնեն 8 մլն-ը գերազանցող իրեր:

Ակնհայտ երեւում է, որ խոսքը ոչ թե այն մասին է, որ տեղի է ունեցել դատական քննություն, այլ տեղի է ունեցել գործ կարել»,-հայտարարեց պաշտպանը:

Նրա խոսքով, այս ողջ քրեական գործն իր ապացուցողական բազայով համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված եւ ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածով  նախատեսված երաշխիքների խախտմանը:

«Այս գործի շրջանակներում նպատակ է եղել ոչ թե արդարադատության գործընթաց իրականացնել, այլ հասնել քաղաքական իշխանությունների թաքնված օրակարգին՝ այն է՝ հեռացնել Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի, ապա նաեւ ՍԴ դատավորի պաշտոնից: Այս գործընթացը շատ բնորոշ է Լատինական Ամերիկայի բռնապետական ռեժիմներին:

Նման գործելաոճով թողնում ենք, որպեսզի Բախշիյանին ձերբակալեն, Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրգործ հարուցեն եւ իր վարույթից գործեր վերցնեն, թողնում ենք, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն դատավորին առանց նրա լսված լինելու իրավունքը թույլ տալու»,- հայտարարեց Արամ Օրբելյանը:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ընդհատեց պաշտպանին՝ նշելով, որ փաստաբանի ճառում հնչում են հանգմանքներ, որոնք կապ չունեն այս գործի հետ:

Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։

1/2105
bottom of page