top of page

Վարշավան ձգտում է մասնակցել միջnւկային զսպման ամերիկյան ծրագրին և նմանատիպ բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ․ Լեհաստանի պաշտպանության նախարար

2 minutes ago
1 min read


Վարշավան ձգտում է մասնակցել միջուկային զսպման ամերիկյան ծրագրին և նմանատիպ բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ: Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

WNP.pl պորտալին տված հարցազրույցում նա նշել է, որ ՆԱՏՕ-ի առանձին երկրների համար միջուկային զենքի համատեղ օգտագործման նախաձեռնությունը կարող է իրականացվել հանրապետության տարածքում ամերիկյան ռազմաբազա ստեղծելու հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակներում: Կոսինյակ-Կամիշը չի հստակեցրել այս ոլորտում կոնկրետ որոշումների ընդունման ժամկետները՝ եվրոպացի դաշնակիցների հետ նախնական խորհրդակցությունների անհրաժեշտության պատճառով:

Նա նշել է, որ Լեհաստանը նաև ակտիվորեն զարգացնում է միջուկային համագործակցությունը Ֆրանսիայի հետ:

«Միջուկային համագործակցության ամերիկյան ծրագրին մասնակցությունը չի բացառում Ֆրանսիայի հետ հարաբերությունների հաստատումը»,- ընդգծել է լեհ նախարարը: Նա հավելել է, որ Փարիզն իր եվրոպացի գործընկերներին ավելի մեծ մասնաբաժին է առաջարկում միջուկային զսպման համակարգում:

Հունիսի 3-ին Կոսինյակ-Կամիշը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին է փոխանցել Լեհաստանում ամերիկյան զորքերի մշտական ռազմաբազա ստեղծելու մասին պաշտոնական առաջարկը: Սեպտեմբերի սկզբին ամերիկյան պատվիրակությունը այցելել է Լեհաստան և զննել այդ օբյեկտի տեղակայման համար հավանական վայրերը: Այս կապակցությամբ բանակցություններում «մեծ առաջընթացի» մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 
 
1/3131
bottom of page