Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ
- 11 hours ago
- 1 min read

Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում, 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել: Այս մասին ՆԳՆ-ում վարորդական վկայականի վերականգնման ու տրամադրման կարգի փոփոխության մասին ասուլիսի ժամանակ ասել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:
«Եթե կան այդպիսի մարդիկ, ովքեր պոտենցիալ կրկնելու են այն արարքը, որի համար զրկվել են վարորդական իրավունքից, վստահեցնում եմ, որ իրենց համար 6 տուգանային միավորը 2 օրվա սպառելու հարց է լինելու: Սա հնարավորություն է բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են ընդառաջ գնալ պետության կողմից մեկնած ձեռքին, փոխել իրենց վարքագիծը, դրսևորել պատշաճ վարորդի վարքագիծ, հետո ստանալ 13 միավորը:
Բոլոր այն մարդիկ, ովքեր չեն գնա ընդառաջ այս նախաձեռնությանը ու կդրսևորեն հակառակ վարքագիծ, 6 տուգանային միավորը վստահաբար շատ արագ կսպառեն: Սա հնարավորություն է տալ այն մարդկանց, ովքեր իրենց կարծիքով պատահականության կամ եզակի արարքի պատճառով են զրկվել, նրանք 1 անգամ կարող են օգտվել հնարավորությունից ու վերադառնալ պատշաճ վարորդի կյանքին»,- նշել է Չիլինգարյանը:
ՆԳՆ ներկայացուցիչները հավելեցին՝ այս պահին վարորդական իրավունքից զրկված 18,000 անձ կա, ու նրանց ևս մեկ անգամ հնարավորություն է տրված:




















