top of page

Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների 9 լրագրողներ և հիմնադիրներ ազատազրկման երկարատև ժամկետներ են ստացել. AP

  • 2 minutes ago
  • 2 min read
Բաքվի դատարանը անկախ լրատվական Toplum TV նախագծի ինը լրագրողների և հիմնադիրների դատապարտել է ազատազրկման երկարատև ժամկետների՝ ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով։ Մամուլի ազատության պաշտպանության միջազգային կազմակերպությունները գործն անվանել են քաղաքականապես մոտիվացված և հայտարարել, որ Ադրբեջանի իշխանություններն այն օգտագործում են քննադատական լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու համար, գրում է Associated Press-ը։
Բաքվի դատարանը անկախ լրատվական Toplum TV նախագծի ինը լրագրողների և հիմնադիրների դատապարտել է ազատազրկման երկարատև ժամկետների՝ ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով։ Մամուլի ազատության պաշտպանության միջազգային կազմակերպությունները գործն անվանել են քաղաքականապես մոտիվացված և հայտարարել, որ Ադրբեջանի իշխանություններն այն օգտագործում են քննադատական լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու համար, գրում է Associated Press-ը։

Toplum TV-ի հիմնադիր և տնօրեն Ալասգար Մամեդլին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ Նախագծի համահիմնադիրներ, ակտիվիստներ Ակիֆ Գուրբանովն ու Ռուսլան Իզզեթլին դատապարտվել են 15-ական տարվա ազատազրկման։ Պարբերականի հետ կապված այլ լրագրողներ և ակտիվիստներ դատապարտվել են 12-ից մինչև 14 տարվա ազատազրկման։

Մեղադրանքներն առնչվել են «կազմակերպված հանցավոր խմբի» կազմում արևմտյան դոնորների միջոցների ապօրինի ստացմանը և օգտագործմանը։ Մեղադրյալները հերքել են այդ պնդումները։ Ամբաստանյալներից ոմանց փաստաբան Էլչին Սադըգովը հայտարարել է, որ պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատավճիռը։

«Դա դատարանի անօրինական և քաղաքականապես մոտիվացված որոշում է, որը կապված է նրանց լրագրողական գործունեության հետ։ Դատարանը չի բավարարել պաշտպանության կողմի ոչ մի միջնորդություն»,- հայտարարել է Սադըգովը։

Toplum TV-ն համարվում էր շուրջ 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանի վերջին անկախ լրատվական նախագծերից մեկը։ Պարբերականը լուսաբանում էր պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի և սոցիալական խնդիրների թեմաները։ 2024 թվականի մարտին ոստիկանությունը խուզարկություններ էր անցկացրել հեռուստաալիքի գրասենյակում և մի քանի աշխատակիցների ձերբակալել։

Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաները (IFJ և EFJ) դատապարտել են դատավճիռները՝ դրանք անվանելով «չափազանց դաժան»։ Կազմակերպությունում հայտարարել են, որ դատարանի որոշումը հաստատում է գործընթացի քաղաքական բնույթը և ուղղված է լրագրողներին ահաբեկելուն։

IFJ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանժեն դատավճիռն անվանել է «բացահայտ կառավարական բռնաճնշում և ահաբեկում»։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունն իր հերթին դատապարտել է դատարանի որոշումը՝ գործընթացն անվանելով շինծու։ Կազմակերպությունում հայտարարել են, որ գործն արտացոլում է Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշման ուժեղացումը, և պահանջել են անհապաղ ազատ արձակել լրագրողներին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իշխանության ղեկին է 2003 թվականից, երբ նա փոխարինեց իր հորը՝ Ադրբեջանի Կոմկուսի նախկին ղեկավար և ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին տարիներին երկրի նախագահ Հեյդար Ալիևին, ընդգծում է ամերիկյան լրատվական գործակալությունը։

2024 թվականին Ալիևը վերընտրվել է նոր ժամկետով՝ արտահերթ ընտրություններում հավաքելով ձայների 92%-ը։ ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ ընտրություններն անցել են սահմանափակ քաղաքական մրցակցության պայմաններում։

Ինչպես ընդգծում է AP-ն, Ադրբեջանում Իլհամ Ալիևի ժողովրդականության աճը կապում են Լեռնային Ղարաբաղի դեմ «ռազմական գործողության» հետ։


 
 
1/2994
bottom of page