Գևորգ Պապոյանը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ. քննարկել են պետական աջակցության գործող ծրագրերը
- 1 day ago
- 1 min read

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 25-ին հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Էկանոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից:
Մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել պետական աջակցության գործող ծրագրերը և լսել գործարարների առաջարկները՝ դրանք առավել արդյունավետ ու հասցեական դարձնելու համար։ Քննարկվել են նաև հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանման նոր ուղղությունների զարգացմանը, արտահանման ծավալների ավելացմանը և միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Նախարարն ընդգծել է, որ արտահանման խթանումն ու շուկաների դիվերսիֆիկացումը Կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից են։ Նա ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են արտահանողների առջև ծառացած խնդիրների լուծմանն ու նոր հնարավորությունների ստեղծմանը։
Գործարարները ներկայացրել են իրենց մտահոգությունները, արտաքին շուկաներում առկա ռիսկերը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկներն ու տեսլականը։




















