«Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին

Փաշինյանը նշեց, որ տարածքում հաշվարկվել են քամու՝ հողմային էլեկտրակայանների զարգացման ռեսուրսները, և առկա են ներդրումային մեծ գրավչություն ունեցող հնարավորություններ։
Հայտարարությունը, իհարկե, տպավորիչ է։ Վերականգնվող էներգետիկա, ներդրումներ, նոր հնարավորություններ, «էներգետիկայի մայրաքաղաք»։ Բայց կառավարության ղեկավարի խոսքում չհնչեցին մի շարք առանցքային մանրամասներ՝ ե՞րբ, կոնկրետ որտե՞ղ և ի՞նչ ծավալով են իրականացվելու ծրագրերը, քանի՞ հողմային կամ արևային կայան է նախատեսվում կառուցել, ինչքա՞ն ներդրում է ակնկալվում և, ամենակարևորը՝ ի՞նչ ժամկետներում։
«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Վարդենիսի տարածաշրջանում հողմային էներգետիկայի փորձ արդեն եղել է, ու դրա ճակատագիրը կառավարության համար առնվազն հիշելու թեմա պետք է լինի։
Դեռ 2020 թվականի պատերազմից առաջ՝ 2018 թ. Սոթքի տարածքում գործում էր «Զոդ ուինդ» ընկերության հողմային էլեկտրակայանը։ Ընկերությունը 2018-ին ստացել էր էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա և էլեկտրաէներգիա էր արտադրում երկու հողմակայանքով ու համապատասխան ենթակայաններով։ Ընկերությունն ուներ նաև ընդլայնման ծրագիր․ սեփականատիրոջ պնդմամբ՝ նախատեսվում էր շուրջ 30 մլն դոլարի ներդրում, ուսումնասիրված էր մինչև 23 տարածք։
44-օրյա պատերազմից հետո պատկերը կտրուկ փոխվեց։
2020 թվականի նոյեմբերին ադրբեջանական զինված ուժերը հասել են հողմակայանների տարածք, իսկ ընկերությունը զրկվել է իր բիզնեսից՝ այն դեպքում, երբ ուներ Հայաստանի պետական մարմինների կողմից տրամադրված փաստաթղթեր, հողի օգտագործման իրավական հիմքեր և համապատասխան լիցենզիա։ Հետագայում «Զոդ ուինդը», իհարկե, Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայց ներկայացրեց՝ պահանջելով շուրջ 5 մլն դոլարի վնասի փոխհատուցում։
Ուստի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո տրամաբանական հարց է առաջանում․ մինչ Վարդենիսը վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելը՝ կառավարությունը վերլուծե՞լ է, թե ինչ եղավ այնտեղ արդեն իսկ իրականացված մասնավոր ներդրման հետ, և ինչ երաշխիքներ են այսօր առաջարկվելու նոր ներդրողներին։
Ինչպե՞ս պետք է ներդրողը հարյուրավոր միլիոնների կամ միլիարդների ծրագիր իրականացնի սահմանամերձ դարձած տարածաշրջանում, եթե պետությունը տեր չկանգնեց նախորդ ներդրողի սեփականության իրավունքներին»։




















