Մահացել է Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը

Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը հայտնի գործարար և մտավորական է, երկար տարիներ մասնագիտական ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ տարածքում և արտերկրում։
Որպես էներգետիկայի ոլորտի բարձրակարգ մասնագետ՝ նա երկար տարիներ գործուղվել ու աշխատել է արտասահմանյան երկրներում, մասնավորապես՝ Կուբայում և Գերմանիայում։ Վաստակավոր էներգետիկ Վիլհելմ Կարապետյանի աշխատանքային կենսագրությունը տասնամյակների պատմություն ունի՝ փոքր էլեկտրակայանից մինչև «Էներգանորոգում» գործարան: Նա երկարամյա և արդյունավետ գործունեություն է ծավալել Հայաստանի հանրապետության էներգետիկայի ոլորտում։
Հայաստանի էներգահամակարգի 100-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Վ. Կարապետյանն ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ, հատկապես Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում, ինչի համար 2011 թվականին Արցախի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։
Զբաղվել է նաև գրական գործունեությամբ՝ 2009 թվականին լույս տեսել նրա «Զրույց թոռների հետ» գիրքը:




















