«Ժողովուրդ». Հորդորում եմ հարցը չքաղաքականացնել. Կարապետ Գուլոյանը դատախազության պահանջի մասին
- 5 hours ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատախազությունը Կարապետ Գուլոյանից պահանջում է 1.3 մլրդ դրամ և գույքեր․ նա հորդորում է հարցը չքաղաքականացնել։
ՀՀ դատախազությունը Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ, բանկի 2000 բաժնետոմս և մի շարք անշարժ գույքեր։
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմել է Կարապետ Գուլոյանին՝ հասկանալու, թե արդյոք նա այս գործընթացներում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ակտիվության ֆոնին։ Ի պատասխան՝ Գուլոյանը կարճ նշել է. «Խնդրում եմ մի քաղաքականացրեք այս ամենը։ Սա մեր ընտանեկան հարցն է, կլուծենք, իրավաբաններն աշխատում են»։
«Ժողովուրդ» օրաթերթը Գուլոյանից հետաքրքրվել է նաև, թե ինչպես է արձագանքում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե «փողի համար պսակվել են, հիմա էլ պիտի փողերը հետ տան»։ Ի պատասխան՝ նախկին մարզպետն ասաց. «Մենք փողի համար չենք ամուսնանում, մենք կանանց հարգող ու սիրող ենք, մենք մեր արժեքներով ենք ապրում»»։




















