«Իրավունք». Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք»-ի տեղի աղբյուրների համաձայն՝ Արարատի մարզը մարզպետ Սեդրակ Թեւոնյանի քթի տակ շարունակում է դե ֆակտո ղեկավարել ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է «կոկորդիլոսագետ» մականունով։
Հիշեցնենք, որ երբ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետն էր, մարզպետի տեղակալ նշանակեց Արտավազդ Նազարեթյանին՝ իր կուրսընկերոջը։ Նրանք այնքան հարազատ էին իրար, որ մամուլում նույնիսկ գրում էին, թե Գարիկի բաջանաղն է Նազարեթյանը։ Հետո Գարիկ Սարգսյանը ստիպված եղավ պարզաբանել․«Իրար հետ սովորել ենք ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ընկերներ ենք, հիմա նա իմ տեղակալն է։ Ոչ մի բաջանաղ չէ»։
Արդյունքում ֆեյք բաջանաղ դարձած Նազարեթյանը պաշտոնավարում է առ այսօր, ում միջոցով էլ, ըստ մեզ հասած լուրերի, արդեն պատգամավոր Գարիկ Սարգսյանը որոշակի կուռացիա է իրականացնում ինչպես մարզպետարանում, այնպես էլ մարզում։ Այս թեմայով մարզում կատակում են. «Եթե այսպես շարունակվի Գարիկը կոկորդիլոսագետից վերածվելու է սեռիյ կարդինալի»։




















