«Լիվերպուլը» հայտարարել է Սալահի հեռանալու մասին․ պաշտոնական
- 6 hours ago
- 1 min read

Անգլիական «Լիվերպուլը» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի առաջատար Մոհամեդ Սալահի հեռանալու վերաբերյալ։ Եգիպտոսցի հարձակվողը մերսիսայդյան ակումբը կլքի 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո։
Կողմերը համագործակցությունը դադարեցնելու շուրջ հասել են փոխադարձ համաձայնության։ Ակումբի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ֆուտբոլիստը որոշել է իր հեռանալու մասին հայտարարել նախապես.
«Սալահը ցանկություն է հայտնել այս մասին հնարավորինս շուտ տեղեկացնել երկրպագուներին, որպեսզի իր ապագայի հարցում ապահովի լիարժեք թափանցիկություն՝ դրանով իսկ դրսևորելով հարգանք և երախտագիտություն»,- ասված է «կարմիրների» պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» շարքերը համալրել էր 2017 թվականի ամռանը։ Այս տարիների ընթացքում եգիպտոսցին անգլիական գրանդի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 435 հանդիպում՝ դառնալով 255 գոլի և 122 արդյունավետ փոխանցման հեղինակ։




















