Այն ԱԱԾ-ականը, որը երեկ ձերբակալեց Արշակ Սրբազանին, վաղը կձերբակալի Նիկոլ Փաշինյանին
- Elen Hovsepyan

- 23 minutes ago
- 2 min read

Արշակ Սրբազանի կալանավորումը ոչ միայն սպասելի էր, նույնիսկ ուշացած։ Իսկ ուշացման պատճառը կարծում եմ համապատասխան մեղադրանքի փնտրտուքն էր, սակայն իրավապահ մարմինները հայտնվել էին այն աստիճան անելանելի վիճակում, որ ստիպված մոգոնեցին առ այսօր քաղաքական նպատակներով հարուցված քրեական գործերից ամենահիմարավունը։ Ըստ մեղադրանքի՝ իբր 2018 թվականին Վեհափառի դեմ տեղի ունեցող ակցիաների ժամանակ մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակի մեջ թմրանյութ է գցել։
Առհասարակ Նիկոլ Փաշինյանը մի բանում ազնիվ է, նա գործում է անթաքույց, առանց այլևայլության, առանց տուրք տալու ինչ-որ «մարդու իրավունքներ», «ժողովրդավարություն» ու այլ նմանատիպ արժեքներին, որոնք Հայաստանի պարագայում սոսկ դատարկ արտահայտություններ են։ Եթե պետք է որևէ ընդդիմադրի ձերբակալել ու կալանավորել, նա անում է առանց որևէ ավելորդության, ուստի բուն մեղադրանք առաջադրելն է արդեն վերածվում ավելորդության։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի՝ մարդկանց առաջադրած մեղադրանքները գնալով դառնում են էլ ավելի ծիծաղելի, ապա ժամանակն է, որ նա հրաժարվի զուր ժամանակ վատնելուց, առավել ևս, որ քննիչներն ու դատախազները վճարվում են մեր՝ հարկատուներիս միջոցներով, ու բոլոր նրանց, ում ուզում է կալանավորել, պարզապես վերցնեն ու տանեն բանտ։
Ու սա ամենևին էլ չափազանցություն չէ, որովհետև ոչ մի տարբերություն չկա օրինակ՝ Արշակ Սրբազանին մեղադրանք առաջադրելու կամ պարզապես առանց մեղադրանքի կալանավորելու մեջ։
Ու այս ամենն օրինաչափ երևույթ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը պարզապես դատապարտված է բռնապետություն հաստատելու, ընդ որում կառավարման այդ ռեժիմի ամենաայլասերված դրսևորմամբ։ Այն իշխանությունը, որը պարտվում է պատերազմում, ստորագրում կապիտուլյացիա, այդ իշխանությունն այլընտրանք չունի։ Նրա միակ հենարանը ռեպրեսիան է, որն ուղիղ համեմատական է հանրային լայն աջակցության հետ։ Որքան թուլանում է աջակցությունը, այդքան սաստկանում է ռեպրեսիան, որպես վախի դրսևորում։ Այնինք՝ իրական աջակցություն վայելող իշխանությունը երբեք որևէ բռնաճնշման կարիք չի ունենում, քանի որ չկա ավելի մեծ հենարան, քան ժողովրդի վստահությունն է։ Այլևս ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չունի իշխանություն։ Ճիշտ է, իրավաբանորեն նա շարունակում է մնալ Հայաստանի վարչապետը, ու այդ փաստը հնարավոր չէ շրջանցել, սակայն նա այլևս չի ներկայացնում Հայաստանի հասարակությանը, քանի որ հասարակության ու իշխանության մեջ առաջացել է խոր անջրպետ։ Այս ամենը շատ լավ հասկանում են նաև արտաքին խաղացողները, ու նրանց լռությունը չարագուշակ է Հայաստանի Հանրապետության համար, ոչ թե այն առումով, որ նրանք վստահում են Նիկոլ Փաշինյանին, այլ այն, որ այդ հանգամանքը նրանք օգտագործելու են հերթական ճնշման ու հերթական զիջումները կորզելու համար։
Բայց նրանցից նեղանալ պետք չէ, քանի որ յուրաքանչյուր կենտրոն ու պետություն ունի իր շահերը ու ցանկացած հանգամանք օգտագործում է իր շահին ծառայեցնելու համար։ Հետևաբար եթե մենք չենք ցանկանում աշխարհաքաղաքական կենտրոնների ձեռքում դառնալ սպունգ, որին քամում են՝ ամբողջական հեղուկը դուր բերելու նպատակով, ապա պետք է հասնենք քաղաքական ու հասարակական լայն կոնսոլիդացիայի, որի շնորհիվ հնարավոր կլինի ազատվել Նիկոլ Փաշինյանից ու որից նա ամենաշատն է սարսափում, քանի որ լայն կոնսոլիդացիայի պարագայում նա կկորցնի իր վերջին հենարանները, իրավապահ ու դատական համակարգերի աջակցությունը, ու այն ԱԱԾ-ականը, որն այսօր ձերբակալեց Արշակ սրբազանին, վաղը կձերբակալի Նիկոլ Փաշինյանին։
Կարեն Կարապետյան




















