top of page

Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հաղթահարման հարցով

  • 4 hours ago
  • 1 min read

ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։

Միջնորդությունը ներկայացվել է հունիսի 15-ին՝ Ծովակ Մնացականյանի կողմից՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, թե ինչ վարույթի մասին է խոսքը՝ դեռևս հայտնի չէ։ Նույն օրը դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ նույն դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի անձեռնմխելիության հաղթահարման հարցով։

Միջնորդությունները կքննվեն հունիսի 17-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արգելել են հատել ՀՀ սահմանը։ Մինչ այդ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնել են, որ նախագահը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից, այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով:

«Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»,- նշված էր նախապես արգելքին նախորդած հաղորդագրությունում։

Այդ պահին Ռոբերտ Քոչարյանը դեռևս մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

 
 
1/2924
bottom of page