Ստամբուլում Աստվածաշունչ կարդալու համար բերման ենթարկված ՌԴ քաղաքացիները մեկնել են հայրենիք
- 5 hours ago
- 1 min read

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար բերման ենթարկված Ռուսաստանի երկու քաղաքացիները հուլիսի 17-ի երեկոյան մեկնել են հայրենիք։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ՌԴ գլխավոր հյուպատոսությունից։
Գլխավոր հյուպատոսությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ քաղաքացիներ Վիկտորյա և Իգոր Ֆիլոնովները ոստիկանության կողմից բերման ենթարկվելուց հետո տեղափոխվել էին դեպորտացիոն կենտրոն։ Միգրացիոն հարցերով վարչությունը քննարկում էր նրանց երկրից արտաքսելու հարցը։ Ինչպես նշել են դիվանագետները, հուլիսի 14-ին գլխավոր հյուպատոսությունը դիմում էր ստացել ՌԴ քաղաքացիների հարազատներից՝ նրանց ձերբակալության մասին տեղեկությամբ։ Հյուպատոսության ներկայացուցիչներն օպերատիվ կերպով կապվել էին Ստամբուլի Ֆաթիհ շրջանի ոստիկանական բաժանմունքի հետ, ուր տեղափոխվել էին ՌԴ քաղաքացիները, և իրավիճակը պահում էին վերահսկողության տակ։
Ըստ աղբյուրների՝ ՌԴ քաղաքացիները բերման են ենթարկվել այն բանից հետո, երբ իրավապահները նրանց նախազգուշացրել էին այցելուների համար նախատեսված գոտում բարձրաձայն Աստվածաշունչ կարդալու անթույլատրելիության մասին։ Թուրքիայում գործող մզկիթի ներսում քրիստոնեական ծիսակատարություններ անցկացնելը կամ ոչ մուսուլմանական կրոնական գրականության ցուցադրական ընթերցանությունը որակվում է որպես հասարակական կարգի խախտում։
Բերման ենթարկված ՌԴ քաղաքացիների նկատմամբ ոստիկանությունում իրավախախտման արձանագրություն է կազմվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի հիման վրա («Բնակչության շրջանում ատելության կամ թշնամանքի հրահրում կամ բնակչության առանձին խմբերի նվաստացում»): Այն նախատեսում է վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկում, եթե արարքը պոտենցիալ վտանգ է ստեղծում հասարակական կարգի համար, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների արտաքսում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թվականի հուլիսին հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն՝ նախկինում թանգարանի կարգավիճակ ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտոնապես դարձել է մզկիթ:




















