top of page

Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան

  • 1 hour ago
  • 1 min read

ՆԳՆ ոստիկանությունը 5 օր առաջ հայտնեց, որ բացահայտվել է Արագածոտնի մարզի Մելիքգյուղում շուրջ 4 ամիս առաջ կատարված սպանությունը։ Ըստ ոստիկանության՝ մարտին կենցաղային վիճաբանության ժամանակ 25 և 20 տարեկան եղբայրները գրտնակով սպանել են իրենց 56-ամյա մորը, ապա դին թաքցրել հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության հողաշերտի տակ։ Հուլիսի 22-ին, կնոջ անհետացման մասին հաղորդումից հետո, եղբայրները ձերբակալվել են, նրանցից մեկը խոստովանել է կատարվածը։ Դին հայտնաբերվել է նրանց մատնանշած վայրում։



Պարզվում է` իրականությունը այլ է. Կնոջը սպանել է կրտսեր որդին` 20-ամյա Էրիկը. ծխախոտ օգտագործելու հարցի շուրջ վիճել է մոր հետ, վերջինս, ըստ տղայի, թոնրի երկաթով հարվածել է իրեն, որից հետո էլ նա գրտնակի հարվածներով սպանել է մորը։

Պարզվում է նաև, որ ավագ որդին ընդհանրապես կապ չունի ողբերգական դեպքի հետ, ինչպես ներկայացրել էր ՆԳՆ-ն, նա գյուղում չի եղել, ավելին` տևական ժամանակ է հեռացել է համայնքից։


Մեր տեղեկություններով` դատարանը չի կալանավորել մորը սպանած Էրիկին, պատճառը` հոգեկան առողջական վիճակն է։ Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին փոխանցում են. «1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից):

Հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց` բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան»։


Տեղեկացանք նաև, որ 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեկան առողջության կենտրոն։


Մյուս որդու նկատմամբ քրեական հետապնդում կա՞, ՔԿ-ից փոխանցեցին` ոչ, չկա։



 
 
1/2993
bottom of page