«Ժողովուրդ». Կոնջորյանին հարց տալու համար պատժում են լրագրողին. որոշում
- Elen Hovsepyan

- 11 hours ago
- 2 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 17-ի պաշտոնական գրությամբ ԱԺ աշխատակազմը գրավոր նախազգուշացում է ուղարկել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին եւ ArmLur-ի լրագրող Սոնա Գրիգորյանին՝ արձանագրելով, որ նա ԱԺ-ում «մասնագիտական գործունեություն է իրականացրել չթույլատրված վայրում», փորձել է մեկնաբանություն հարցնել պատգամավորից, պատգամավորը հրաժարվել է պատասխանելուց, իսկ հաջորդիվ հրապարակվել է նյութ՝ ArmLur.am-ում։
Այսինքն` հարց տալու եւ դրրա առիթով նյութ գրելու համար լրագրողը պատժվոմ է:
Գրությունը ստորագրված է աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից (փաստաթուղթ, էջ 3/3)։
Այդ փաստաթղթում նշվում է, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դիմում է ներկայացրել՝ պնդելով, որ դեկտեմբերի 3-ին ԱԺ-ի ճաշարանում «առանց թույլտվության» լրագրողը աշխատել է (փաստաթուղթ, էջ 1/3)։
Այսինքն՝ իշխող խմբակցության ղեկավարը բողոքարկում է լրագրողի գործողությունը, իսկ վարչական մեքենան դա վերածում է կարգապահական գործընթացի։ Մինչդեռ ստում է Կոնջորյանը, քանի որ Սոնա Գրիգորյանն իրեն ճաշարանում չի մոտեցել եւ կադրերը ֆիքսված են բոլոր տեսախցիկներով:
ԱԺ աշխատակազմը հղում է անում լրագրողների հավատարմագրման կարգին՝ շեշտելով, որ լրագրողը պետք է աշխատի միայն հատուկ առանձնացված վայրերում կամ պատգամավորի հետ նախապես համաձայնեցված հատվածում, եւ հիշեցնում է նաեւ ԱԺ նախագահի հաստատած անվտանգության կանոնները՝ «հատուկ վերահսկելի գոտիներում» լրագրողական գործունեությունն արգելելու մասին (փաստաթուղթ, էջ 2/3) ու նաեւ սպառնում, նույն կարգով աշխատակազմը կարող է սկսել ոչ միայն նախազգուշացման, այլեւ հավատարմագրումը դադարեցնելու գործընթաց (փաստաթուղթ, էջ 2/3)։
Մի կողմ թողնենք ազատ տեղաշարժի սահմանափակման անթույլատրելի կարգի կարգավորումները. պետք է արձանագրենք, որ լրագրողը ՊՊԾ աշխատակցից թույլտվություն վերցրել է եւ կանգնել միջանցքում՝ սպասելով կոնջորյանին: Իսկ ՔՊ վերնախավը՝ Կոնջորյանն ու աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ փաստացի պատժում են լրագրողին «հարց տալու» համար:
Եվ այստեղ երեք դերակատարների պատասխանատվությունն է կուտակվում մեկ կետի վրա․
ԱԺ նախագահը, որի կանոններն այսօր չեն օգտագործվում թափանցիկությունը հաշվետվողականությունն ապահովելու համար, փոխարենը լրագրողի կողմից հարց տալը ապօրինություն է որակվում:
Աշխատակազմի ղեկավարը՝ որը չեզոք ադմինիստրացիա լինելու փոխարեն փաստացի հանդես է գալիս ՔՊ-ի կամակատարի դերում:
ՔՊ խմբակցության ղեկավարը, որը, ունենալով քաղաքական եւ հանրային հաշվետվողականության պարտավորություն, խուսափում է պատասխանել հարցին՝ բողոք գրելով լրագրողի դեմ, ինչը վարչական ճնշում է:
Իսկ ինչն է իրականում խնդիրը. Կոնջորյանը չի ցանկանում բացատրել, թե ինչպես է իր եղբոր ընկերոջից շուկայականից ցածր գնով առանձնատուն գնել, դասավորել գործերն այնպես, որ մինչեւ 55 մլն կազմի արժեքը, որ եկամտահարկից օգտվի եւ քիչ գումար ծախսելով՝ դղյակի տեր դառնա. այս փաստերը բացահայտել է «Հետք»-ը:
Կոնջորյանն ու իր մի քանի մլն դրամ ամսական աշխատվարձ ստացող տիկինը՝ «Հայփոստ»-ի տնօրեն Շուշանիկ Ալեքսանյանը, ակնհայտորեն հարստանում են տարեցտարի, բայց հաշվետվություն ու պարզաբանում տալուց խուսափում են»։




















