Մեկ կախվածությունը մեկ կենտրոնից միշտ լի է ռիսկերով, դիվերսիֆիկացիա պետք է լինի. Արեգա Հովսեփյան
- 4 hours ago
- 1 min read

Մեկ կախվածությունը մեկ կենտրոնից միշտ լի է ռիսկերով, դիվերսիֆիկացիա պետք է լինի: Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Արեգա Հովսեփյանը:
«Ես, երբ ներկայացնում էի «Ուժեղ Հայաստան» կուսակցության արտաքին քաղաքականության հիմնական դրույթները, հստակ նշում էի, որ մեկ կախվածություն մեկ կենտրոնից միշտ հղի է ռիսկերով։ Պետք է միշտ ունենալ դիվերսիֆիկացիա, առավել ևս տնտեսական դիվերսիֆիկացիա, որովհետև հենց այսօր էլ դիվերսիֆիկացիայի բացակայության պատճառով մեր գյուղացիները բախվում են այն խնդրին, որ ստիպված են ճանապարհ փակել, բերքը մնում է ծառերին, իսկ գյուղացին ամբողջ տարին աշխատում է և չի կարողանում իրացնել իր աշխատանքը, ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որը ստեղծվել է այսօր։
Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգային համակարգի մասով, ապա համոզված եմ, որ մեր անվտանգության ամենաառաջին բաղադրիչը հենց ուժեղ, հզոր, հայկական բանակն է, և մեր ամենաառաջին գործողությունը հենց պետք է լինի արդիական և ուժեղ բանակ ունենալը: Դրանք կարող են համալրվել նաև այլ գործիքակազմերով, և այդ գործիքակազմերը ինչքան արդյունավետ լինեն, այնքան ավելի ձեռնտու կլինեն Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացուն»,- նշել է Հովսեփյանը:




















