top of page

Երևանում կկայանա բազմադեղանշանակման և կլինիկական դեղագիտության թեմայով մասնագիտական սեմինար

  • 13 hours ago
  • 1 min read

Վահե Մելիքսեթյան հիմնադրամը և ՎԻՎԱ բարեգործական հիմնադրամը ս.թ. մարտի 9-ին, Երևանի Իբիս հյուրանոցի Արարատ սրահում համատեղ կազմակերպում են «Բազմադեղանշանակում և կլինիկական դեղագիտություն. արդի մոտեցումներ և գործնական լուծումներ» թեմայով մասնագիտական սեմինար:

Սեմինարը կվարի բժշկական գիտությունների թեկնածու, Օսլոյի Մետրոպոլիտեն համալսարանի դոցենտ Յուրի Կիսելյովը, ով ռացիոնալ դեղաբուժության ոլորտի ճանաչված փորձագետ է:


Սեմինարին ելույթ կունենա նաև կլինիկական դեղագետ Մելանյա Սահակյանը, ով կներկայացնի ուռուցքաբանաության ոլորտում կլինիկական դեղագիտության միջազգային փորձը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում:


Ի՞նչ է բազմադեղանշանակումը

Բազմադեղանշանակումը (polypharmacy) այսօր առողջապահական համակարգի ամենաակտուալ մարտահրավերներից է։ Քրոնիկ հիվանդություններով, տարեց և համակցված պաթոլոգիաներով պացիենտների մոտ դեղերի ճիշտ ընտրությունը, փոխազդեցությունների գնահատումը և ռիսկերի նվազեցումը պահանջում են խորացված կլինիկական մտածողություն։

Քննարկման հիմնական թեմաներն են.

▪  Բազմադեղանշանակման սահմանումը և ռիսկերը

▪  Դեղերի փոխազդեցությունների կլինիկական նշանակությունը

▪  Անբարենպաստ դեղային ռեակցիաների կանխարգելումը

▪  Դեպքերի վերլուծություն (case-based discussion)

▪  Դեղագետի դերը կլինիկական թիմում

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։ 5 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան 57 միլիոն ՀՀ դրամի ներդրում է կատարել Հայաստանի կրթական և գիտահետազոտական ոլորտներում։

 
 
bottom of page