top of page

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և թայվանական Գոմինդան կուսակցության նախագահ Չժեն Լիվենը վերջին 10 տարում առաջին անգամ հանդիպում են ունեցել

  • 3 hours ago
  • 1 min read

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հանդիպում է ունեցել թայվանական Գոմինդան կուսակցության նախագահ Չժեն Լիվենի հետ։ Սա երկու կուսակցությունների առաջնորդների առաջին բանակցություններն են վերջին 10 տարվա ընթացքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պատրաստ ենք ընդհանուր քաղաքական հիմքի վրա, որը ներառում է հավատարմությունը 1992 թվականի կոնսենսուսին և դիմակայությունը Թայվանի անկախությանը, կղզու բոլոր կուսակցությունների, խմբերի և տարբեր շրջանակների ներկայացուցիչների, այդ թվում՝ Գոմինդանի հետ միասին ամրապնդել փոխանակումներն ու երկխոսությունը։ Մենք մտադիր ենք Թայվանի նեղուցի երկու ափերի հարաբերությունների ապագան ամուր պահել հենց չինացիների ձեռքում»,- Սի Ծինփինի խոսքերն է մեջբերում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Չինաստանի առաջնորդը նշել է, որ միջազգային իրավիճակի ոչ մի փոփոխություն չի կարող կանգնեցնել ազգային վերամիավորման պատմական միտումը։ Բանակցությունների ընթացքում նա առաջ է քաշել երկկողմ հարաբերությունների զարգացման չորս թեզ։

ՉԺՀ նախագահը կոչ է արել ամրապնդել ազգային ինքնությունը՝ նշելով, որ սոցիալական համակարգերի տարբերությունը չպետք է պատրվակ ծառայի պառակտման համար։ Նա նաև մատնանշել է անջատողականներին կոշտ դիմակայելու անհրաժեշտությունը՝ կղզու անկախության կողմնակիցներին անվանելով Թայվանի նեղուցում խաղաղության խաթարման գլխավոր մեղավորներ։

Բացի այդ, չինացի առաջնորդը նախանշել է փոխանակումների և տնտեսական ինտեգրման ընդլայնումը՝ հայրենակիցների բարեկեցությունը բարձրացնելու նպատակով։

Եզրափակելով՝ Սի Ծինփինն ընդգծել է համախմբվածության կարևորությունը հանուն ազգի վերածննդի՝ հավելելով, որ Թայվանի ապագան անխզելիորեն կապված է ողջ պետության հզորության հետ։

Իր հերթին Չժեն Լիվենը հայտարարել է, որ նեղուցի երկու կողմերի ժողովուրդները պատկանում են մեկ չինական ազգի։ Նա վերահաստատել է Գոմինդան կուսակցության հավատարմությունը 1992 թվականի կոնսենսուսին և կտրականապես դեմ է արտահայտվել կղզու անկախությանը։ Նրա խոսքով՝ կուսակցությունը մտադիր է զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում հանուն խաղաղ ապագայի։

 
 
1/2784
bottom of page