Հունիսի 12-ին ձեռքը վնասած քաղաքացու հանդեպ մեղադրանք է առաջադրվել Ալեն Սիմոնյանին սպառնալու հարցով. փաստաբան
- 5 hours ago
- 2 min read

Հունիսի 12-ին ձեռքը վնասած քաղաքացու հանդեպ մեղադրանք է առաջադրվել Ալեն Սիմոնյանին սպառնալու հարցով: Այս մասին մամլո ասուլիսի ընթացքում հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Այն անձինք, ովքեր տուժել են հունիսի 12-ին, ստացել են մարմնական վնասվածքներ, իրենց վերաբերյալ նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննություններ, ինտենսիվ քննություն է ընթանում: Իրադարձություններից անցել է 2 տարի, ու այդ օրվա միջադեպերի վերաբերյալ, երբ ցուցարարներին են մեղադրանք առաջադրելուց եղել, քննությունը 1 ամիս էլ չի տևել, մարդկանց գործերը ուղարկել են դատարան՝ զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքներով, բայց նույն օրվա իրադարձությունները, որտեղ ոստիկանները ապօրինաբար կիրառել են չթույլատրված հատուկ միջոցներ, առ այսօր քննությունը շարունակվում է։
Այդ ամենը կատարվել է տեսախցիկների տակ, կենտրոնական փողոցում, լրատվամիջոցների ներկայությամբ, կան նաև հստակ տեսագրություններ, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում օրինակ Աբրահամ Գասպարյանի նկատմամբ, հետագայում կան կադրերը հիվանդանոցում՝ արյունլվա վիճակում, կան նաև այլ ցուցարարների ծեծի ու ջարդի բազմաթիվ այլ տեսանյութեր: Բայց կենտրոնական դժբախտությունը վերաբերում էր ցուցարարներից մեկին՝ Եսայիին, ում մատները վնասվել էին ծայրատեսակի նռնակից, նա ոոստիկանական գործողությունների ընթացքում հաշմանդամություն է ձեռք բերել:
Թվում է, թե ժողովրդավարական և իրավական պետությունում այս մարդու նկատմամբ պետք է լիներ հատուկ ուշադրություն, բայց բացի այն, որ այդ անձը պատշաճ ուշադրության չի արժանացել որպես տուժող, այլև նախընտրական քարոզչության ընթացքում, երբ պատահաբար հանդիպել է Ալեն Սիմոնյանի շքախմբին՝ ցույց տալով իր վնասված ձեռքը, ասել է՝ «սրա համար դուք պետք է պատասխան տաք», հարց-պատասխան է եղել, ասել են՝ մեզ սպառնում ես, ասել է, որ ոչ, ես ձեզ ասում եմ, որ օրենքով դուք սրա համար պատասխան եք տալու: Դրանից հետո տեղի են ունեցել խուզարկություններ, այդ մարդու տանից առգրավումներ, ու Եսայիի նկատմամբ այսօր մեղադրանք է առաջադրված սպառնալիք հնչեցնելու վերաբերյալ»,- նշել է Խուդոյանը:
Հիշեցնենք, որ 2024 թվականին, հունիսի 12-ին Երևանում՝ Հայաստանի Ազգային ժողովի շենքի հարևանությամբ, տեղի ունեցան լարված բախումներ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև, որոնց ընթացքում ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ, այդ թվում՝ լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով տուժեցին տասնյակ քաղաքացիներ և ոստիկաններ:




















