top of page

Կոռուպցիայի դեմ պայքարի քողի ներքո ստեղծված արտակարգ դատարանը՝ մահակ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 5 min read
ree

Հայաստանում արդեն երեք տարի է, ինչ գործում է Հակակոռուպցիոն դատարանը,  որը ձևավորվեց որպես դատական համակարգի նոր ու բարեփոխված օղակ, սակայն, ինչպես նշում ենք մի շարք իրավապաշտպաններ,  այն դարձել է «արտակարգ դատարան»՝ գործադիր իշխանության համար ծառայելով որպես քաղաքական վերահսկման գործիք եւ մահակ։ ։


Ինչու ստեղծվեց Հակակոռուպցիոն դատարանը

Հակակոռուպցիոն դատարանը գործում է 2022թ․ օգոստոսից՝ դատաիրավական բարեփոխումների շրջանակում։  Մասնագիտացված այս դատարանի հիմնական խնդիրն է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի, ինչպես նաև կոռուպցիոն հիմքերով բարձրաստիճան պաշտոնյաների գույքի բռնագանձման գործերի քննությունը։ Որպես նպատակ մատնանշվում էր կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետության, ինչպես նաեւ  արդարադատության նկատմամբ հանրության վստահության բարձրացումը, բայց իրականում եղավ հակառակը։

Անցած երեք տարիների ընթացքում այս դատարանը դարձել է  ամենաքննադատվող կառույցներից մեկը։ Հիմնական պատճառը դատարանի քաղաքականացվածության մասին ընկալումն է։Ընդդիմադիր ուժերն ու մի շարք իրավապաշտպաններ պնդում են, որ Հակակոռուպցիոն դատարանը գործադիր իշխանության համար դարձել է քաղաքական վերահսկման գործիք։ Այս դատարանի վարույթում գտնվող գործերի մեծ մասը վերաբերում է նախկին պաշտոնյաներին կամ իշխանությանը քննադատողներին, մինչդեռ գործող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ նույն խստությամբ գործեր չեն հարուցվում։ Ավելին՝ նախաքննության փուլում այդ գործերի նկատմամբ տեղեկատվությունը խիստ սահմանափակվում է, որի հետեւանքով հանրությունը հնարավորություն չի ունենում հետեւելու դրանց հետագա ընթացքին։

Դատավորները՝ քաղաքական ազդեցության գործիքներ


 

Հակակոռուպցիոն դատարանի անվան տակ «արտակարգ դատարանի» ստեղծման մասին են վկայում նաեւ դատավորների նշանակումները։  Ճիշտ է՝ թեկնածուների գնահատման մեխանիզմները օրենքով ամրագրված են, սակայն փորձագետների գնահատմամբ՝ չափանիշները հաճախ սուբյեկտիվ են, իսկ որոշ նշանակումներ՝ քաղաքականապես պայմանավորված։

Մի շարք նորանշանակ հակակոռուպցիոն դատավորներ նախկինում պաշտոններ են  զբաղեցրել արդարադատության նախարարությունում, քննչական կոմիտեում,  դատախազությունում ու պետական  այլ կառույցներում։ Օրինակ՝ Վարդգես Սարգսյանը հակակոռուպցիոն դատարան է տեղափոխվել  ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղ մինչ դատավոր նշանակվելը աշխատել է որպես  հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում՝ որպես ավագ դատախազ: Կամ՝ Սարգիս Դադոյանը, որը մինչ դատավոր դառնալը աշխատել է գործադիրի ենթակայության ներքո՝  Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի տնտեսական գործունեության, բնակչության առողջության դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով քննության բաժնում՝ որպես ավագ քննիչ։ Մեկ այլ դատավոր՝ Վահե Դոլմազյանն էլ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր է նշանակվել Լոռու մարզի դատախազի պաշտոնից։ Օրինակների թվարկումը կարելի է շարունակել, բայց նշածները արդեն իսկ բավարար են հիմնավոր  համարելու մասնագիտական համայնքի մտահոգություններն առ այն, որ դատավորները մեծապես գտնվում են դատախազության եւ գործադիրի ազդեցության ներքո, իսկ գլխավոր դատախազն էլ նախկինում եղել  է ՀՀ վարչապետի օգնականը, որն առ այսօր կառավարության ղեկավարին զեկուցում է գործերի ընթացքի մասին։

Դատարանը՝ մեղադրական վճիռների դակիչ

Հակակոռուպցիոն «արտակարգ դատարանի»  հատկապես քաղաքական իշխանության ուշադրության կենտրոնում գտնվող գործերով կաշկանդվածության ու դատախազության մեղադրական ուղղվածությամբ պարփակված լինելու մասին են վկայում նաեւ վիճակագրական տվյալները։   «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից  հայտնել են, որ 2022թ հուլիսի 1-ից մինչև 2025թ․ հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարան է հանձնվել 460 քրեական վարույթ։ Նույն ժամանակատվածում վերոնշյալ վարչության վարույթում գտնվող նյութերից ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում 260 քրեական գործով կայացվել է մեղադրական դատավճիռ, եւ միայն  12 գործով՝ արդարացման դաավճիռ, ևս 44 գործ կարճվել է։ Թե քանիսն է ստացել օրինական ուժ՝ կառույցից չեն հստակեցրել, ինչպես նաև՝ չեն պատասխանել հարցին՝ կապված ապօրինի գույքի բռնագանձման գործերի թվի և վճիռների վերաբերյալ։ Բացի այդ, Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում են նաև մի շարք գործեր, որոնցով նախաքննությունն իրականացվել է ՔԿ-ում, սակայն այդ տվյալներն, ըստ էության, եւս  չեն փոխանցվել։ Ինչևէ, առկա տվյալների համաձայն՝ 460 գործով մոտավոր 5 տոկոսով է կայացվել արդարացման դատավճիռ։ Իհարկե, իշխանական շրջանակները դատարանի՝ մեղադրանքակենտրոն վարքագիծը փորձում են արդարացնել նրանով,թե մեղադրանքներն են եղել հիմնավոր, սակայն ավելի խորկ ուսումնասիրությունը վկայում է, որ մեղադրական ակտերը, իրավունքի սահմանափակումները կայացվում են առավելապես գործող իշխանության ընդդիմախոսներին առնչվող գործերով, որոնք ոչ միշտ են ստանում օրինական ուժ, քանզի բողոքարկվում են եւ հենվում են մտացածին ապացույցների վրա։

Դատարանները մեծամասամբ սպասարկում են իշխանությունների շահերը

Հակակոռուպցիոն դատարանը, ինչպես «Փաստինֆո»-ին ասել է փաստաբան Երվանդ Վարոսյանը,  ստեղծվել է այն ժամանակաշրջանում, երբ քաղաքական իշխանության վերահսկողությունն ամբողջովին չէր տարածվել մյուս դատարանների վրա։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո դատարանները՝ ի դեմս առանձին դատավորների փորձեցին ընդդիմանալ քաղաքական վերահսկողությանը եւ կայացնել իրենց խղճի մտոք դատական ակտեր, ինչպես ամրագրված է գործող օրենսդրությամբ, սակայն գործադիրի ղեկավարը հրահանգեց շրջափակել դատարանները՝ անձամբ առաջնորդելով հակաօրինական այդ գործողությունները, թիրախավորել դատավորներին՝ նրանց համարելով «պատի տակ վնգստացողներ», ապա նաեւ գործեր հարուցվեցին առանձին դատավորների նկատմամբ՝ անգամ առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու, իսկ հեղինակություն ունեցող մի շարք դատավորների լիազորություններ էլ դադարեցվեցին։Ահա նման միջավայրում ստեղծվեց հակակոռուպցիոն դատարանը։



«Այդ ժամանակ ծառայեց իր նպատակին, բայց այժմ էական տարբերություն այդ դատարանների և մյուս դատարանների միջև չեմ էլ տեսնում։ Դարձել է սովորական դատարան, իշխանությանը հետաքրքրող գործերով անում է այն, ինչ իշխանությանն է հետաքրքրում, մյուս գործերով էլ՝ երբեմն արդարադատություն էլ է իրականացնում։ Տարբերակում զերծ կմնամ մտցնել, որովհետև իրավիճակն այնպիսին է, որ ոչ մի տարբերություն չկա՝ այդ դատարանն է, թե մյուս դատարանները, բոլորում նույն իրավիճակն է»,- ընդգծել է Երվանդ Վարոսյանը։



Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն դատարանը ստեղծվել է, որովհետև գործերի ընթացքն այլ դատարաններում լիարժեք չէր գոհացնում իշխանություններին, եթե այսօրվա իրավիճակը լիներ, գուցե նաև չստեղծեին։ Փաստաբանն ընդգծում է՝  արդարադատության համակարգն ընդհանուր առմամբ, որպես այդպիսին՝ արդարադատության անկախ համակարգ՝  չկա․ «Հիմա անունն այդպիսին կլինի դատարանի, թե ոչ, հինգ հատ դատարան կբացեն, թե երեք հատ կլինի՝ դրանից էությունը չի փոխվի»։

Փաստաբան Զորայր Հարությունյանը եւս նկատել է՝  առանձին դատարանի ստեղծումն ինքնին չէր նպաստում արդարադատության շահին կամ դատական համակարգում արդյունավետության բարձրացմանը։  Այս դատարանը դատական համակարգում, Հարությունյանի գնահատմամբ, փոքր-ինչ խնդրահարույց է՝ այն առումով, որ Հակակոռուպցիոն թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական դատարանում առաջնորդվում են   քրեական և քաղաքացիական  համապատասխան օրենսդրություններով և համապատասխան մեկնաբանություններ են տալիս, որոնք հաճախ հակասում են ընդհանուր իրավասության դատարանի մեկնաբանություններին։ Այդ կոլիզիաներն առավել ակնառու են Վճռաբեկ դատարանում՝ քրեական և հակակոռուպցիոն պալատում։

 Արդարադատության իրականացման մակարդակի  բարձրացման առումով,  Հարությունյանը նկատում է, որ խնդիրը ոչ թե դատարանից, դատարան ստեղծելուց կամ լուծարումից է, այլ՝ դատավորի անձից, հետևաբար, խնդիրը դատարանակազմության մեջ չէ, պետք է հասկանալ, որ կան դատավորներ, որոնք շատ լավն են, կան դատավորներ, որոնք վատն են, և, այսպես ասած, «վատ» դատավորները պետք է իրենց թերի կամ ոչ պատշաճ արդարադատության համար պետք է պատասխանատվություն կրեն, որովհետև դրանով մարդկանց կյանքեր են խեղում։

«Այստեղ է, որ հարցը տեղափոխվում է դատարանակազմության հարթակից՝ դեպի ԲԴԽ և Էթիկայի հանձնաժողովի տիրույթ, որտեղ, իմ խորին համոզմամբ, գործընթացները ճիշտ ուղղությամբ չեն ընթանում,  դրանք որևէ կերպ չեն նպաստում, որ որակյալ արդարադատություն իրականացնող որակյալ մասնագետները շարունակեն մնալ համակարգում և շարունակեն աշխատել այդ համակարգի, ՀՀ-ի համար, այլ՝ հակառակն է։ Պատասխանատվության չեն կանչվում մարդիկ, որոնք դեռ տարիներ առաջ պետք է պատասխանատվության կանչվեին»,-ասաց Զորայր Հարությունյանը։

Հակակոռուպցիոն դատարանը քաղաքական իշխանության ազդեցության տիրույթից ազատելու համար, մասնագետների կարծիքով, անհրաժեշտ է հստակեցնել դատավորների նշանակման չափանիշները, վերանայել հակակոռուպցիոն դատարանի լիազորությունները, բարեփոխել ԲԴԽ-ի կազմը՝ հասարակական վերահսկողության տարրեր ներմուծելու ուղղությամբ։

Հենց ԲԴԽ-ն է ընտրում դատավորների թեկնածուներին, կազմում առաջխաղաղացման ցուցակը ու նաեւ պատասխանատվության ենթարկում նրանց, մինչդեռ թե ՍԴ-ն ու թե  ՄԻԵԴ-ն արդեն իսկ արձանագրել են դատավորներին պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ-ի գործի դրված մեխանիզմների ոչ իրավաչափությունը։ Այսինքն՝ դատավորները մեծամասամբ փորձում են բավարարել ԲԴԽ-ի ակնկալիքները՝ դատավորի աթոռը պահելու համար, իսկ այն, որ ԲԴԽ-ն Հայաստանում անկախ մարմի չէ՝ հավաստել են նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Անդրեասյանը, որը ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական է տվել գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանի պահանջով, ինչը դրսեւորվել է «SMS» ուղարկելով, իսկ Փաշինյանի նախկին օգնական, ներկայումս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ քրեական վարույթ չի նախաձեռնել  իշխանությունների տարանջատման սկզբունքը խախտելու, գործադիրի կողմից դատարանների նկատմամբ ճնշում գործադրելու փաստի առնչությամբ

bottom of page