Վարդան Ղուկասյանին մահվան են տանում. ՔՊ-ն փորձում է զավթել իշխանությունը Գյումրիում. ՀԿԿ խմբակցության ղեկավար
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 2 min read

Գյումրիի ավագանու այսօրվա նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով. ավագանու 32 անդամներից միայն 16-ն էին ներկայացել։ Բացակայում էին ոչ միայն Հայաստանի Կոմունիստական կուսակցության կալանավորված անդամները, այլև ամբողջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ինչպես նաև Գյումրու «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Կոմունիստական կուսակցության խմբակցության ղեկավար Լուսինե Անանյանը ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ըստ էության, միտումնավոր տապալեց ավագանու այսօրվա նիստը։
«Ցավն այն է, որ երբ ելույթ են ունենում, նշում են, թե անում են ամեն ինչ՝ ի շահ գյումրեցու, ի շահ Գյումրիի։ Բայց իրենց քայլերով ապացուցում են, որ ոչ մի բանի էլ պատրաստ չեն անել Գյումրիի և գյումրեցու համար, քանի որ իրենց արարքներով ցույց են տալիս, որ մեկ նպատակ ունեն՝ զավթել իշխանությունը Գյումրիում», — ասաց Անանյանը։
Նա տեղեկացրեց, որ ավագանու հաջորդ նիստը լինելու է արտահերթ։ «Մենք ակնկալում ենք, որ ավագանու մանդատը վայր դրած անդամների փոխարեն մեր ընտրացուցակի հերթական հաջորդ անդամները կվերցնեն մանդատները, և նիստը քվորում կունենա», — նշեց նա։
Անանյանը հիշեցրեց, որ կալանավորված իրենց թիմակիցներից Գևորգ Ղուկասյանի վայր դրած մանդատը վերցրել էր Սամվել Էլբակյանը, իսկ Սեդրակ Սահակյանին պետք է փոխարիներ Տիգրան Ավագյանը։ «Քանի որ Տիգրան Ավագյանին նույնպես ձերբակալեցին, նա նույնպես վայր է դրել մանդատը, բայց նրա մանդատը դեռ չի փոխանցվել ցուցակի հաջորդ համարին։ Կարծում եմ՝ այդ հարցը մինչև հաջորդ նիստ լուծված կլինի։ Այսինքն՝ փորձելու ենք այս տարբերակով այդ տապալումները չեզոքացնել։ Մենք գյումրեցու առաջ պարտավորություններ ունենք ու չենք հանձնվելու։ Փորձելու ենք կանխել ավագանին ցրելու և Գյումրին զավթելու ՔՊ-ականների փորձերը, թեև, իհարկե, մտավախություն ունենք, որ հաջորդ նիստին էլ կփորձեն խոչընդոտել։ Անգամ մեր անձնական ներկայությունը երաշխավորել չենք կարող. չի բացառվում, որ լույսը բացվի, և մեր նկատմամբ էլ ինչ-ինչ քայլեր լինեն։ Ամեն դեպքում մենք պայքարում ենք ու շարունակելու ենք պայքարել», — ասաց նա՝ չբացառելով, որ կարող են նաև մյուս ընդդիմադիր խմբակցությունների անդամներին փորձել ահաբեկել կամ սպառնալիքներով թույլ չտալ մասնակցել նիստերին։
Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի պահման պայմաններին ու առողջական խնդիրներին, որոնց մասին տևական ժամանակ է ահազանգվում, Անանյանը նշեց, որ իրականում որևէ փոփոխություն չի եղել անգամ ահազանգերից հետո։
«Բժիշկներին դեռ չեն թողնում այցելել նրան։ Ղուկասյանը մի շարք հիվանդություններ ունի, և ոչ մի իրեն բուժող բժշկի, ով ծանոթ է իր հիվանդություններին, թույլ չեն տալիս այցելել նրան։ Միաժամանակ, երբ Ղուկասյանին տեղափոխում են ծայրահեղ ծանր վիճակում, դա անում են ոչ թե շտապօգնության մեքենայով, այլ ոստիկանության մեքենայով։ Ես միշտ ասել եմ, որ Ղուկասյանը երբեք չի խուսափել հարցաքննություններից, չի խոչընդոտել նախաքննությանը, երբ կանչել են՝ ներկայացել է։ Ես մտավախություն ունեմ, որ նրանց ներխուժումը քաղաքապետարան, բժիշկների այցերը արգելելը մի նպատակ ունեն՝ սպանել նրան։ Կարծում եմ՝ Վարդան Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում, նրան մահվան են տանում», — ընդգծեց Լուսինե Անանյանը։




















