Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելու համար, մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը ստացել է դա թույլ չտալու մանդատ․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելու համար, մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը ստացել է դա թույլ չտալու մանդատ։ Այս մասին գրել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Փաշինյանը վաղուց կորցրել է փողոցի աջակցությունը և չունի հանրային ճնշում գործադրելու հնարավորություն։ Նրա հիմնական գործիքներն այսօր վարչական ռեսուրսն ու ուժային կառույցներն են, որոնք գործադրվում են ամբողջ ծավալով։ Նույնիսկ այդ պայմաններում խորհրդարանական ընդդիմությունից չստանալով անհրաժեշտ 6 ձայնը՝ Փաշինյանն առաջարկում է քաղաքական գործարք։
Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.
Ալիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում։
Ուժի, պատերազմի սպառնալիքի, վախի և ահաբեկման մթնոլորտում հանրաքվե չեն անցկացնում։
Ինչ վերաբերում է սպառնալիքին, թե համաձայնության չգալու դեպքում կգնաք արտահերթ ընտրությունների. դրան հասնելու սահմանադրական ճանապարհը մեկն է՝ խորհրդարանը լուծարելու համար դու պետք է հրաժարական տաս։ Ճիշտ ճանապարհի վրա ես. հրաժարական տո՛ւր»,-գրել է նա։




















