ԻՍԿ ԻՆՔՆԱԿՐԹՎԵԼՆ ԱՐԴԵՆ ՈՒՇ Է
- 13 hours ago
- 3 min read

Հիշողության կորստով (ամնեզիա) չտառապողները հաճախ ու ցավով են հիշում ՀՀ վարչապետի` ի լուր աշխարհի հնչեցրած «Արցախը Հայաստան է, եւ վերջ» աշխարհացունց պոռթկումը։ Ներկայիս պես-պես քաղաքագետների շարքերում չգտնվեց մեկը, որ կտրիճանար ու վերլուծեր այդ հուզառատ (աֆեկտիվ) ճիչը հնչեցնելու պահի եւ տեղի առեղծվածը, վարչապետի խոսքով՝ «հայեցողական հիմքը»։
Ինչպե՞ս չցնծալ՝ տարածաշրջանում նորաթուխ անկախ պետականությունը «հաղթել» էր միջազգային իրավունքի անարդարությանը, «ծնկի էր բերել» գերհզոր պետություններին, պատմական փաստարկներով «զարմացրել», «խեղճացրել» էր միջազգային կառույցներին։ Այդ համատարած ցնծությունը տխրեցրել էր ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ցավ պատճառել, որ հայտնվել է մեկը ու այդ մեկը կործանելու է ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանի մի մասը։ ՀՀ առաջին նախագահը փորձեց նորագույն քաղաքագիտական դրույթներով մեկնաբանել ճակատագրական այդ քայլը, բայց ալեկոծված ամբոխն անհողդողդ էր։ Ունեցանք գովազդա-քաղաքական ինտերմեդիա՝ «ինչպես է գավառականությունը դառնում գաղափարախոսություն» թեմայով թատերախաղում։ Եվ «խաղաղության մունետիկ» ինքնահռչակ վարչապետը դրեց գալիք փոքր ու մեծ աղետների «հայեցողական հիմքը». պետական մտածողությունը վերածեց անիմաստ բառակույտի, ազգային արժեքները նետեց աղբաման, վերաշարադրեց պատմական հիշողությունը, հայրենասիրությունը փոխեց հարսանքաճառի։ Այսքանից հետո էլ ուզում է Հայոց (ներողություն՝ «իրական Հայաստանի») պատմության մեջ անմահանալ որպես «խաղաղության պատգամաբեր»։ Սակայն ինչ խաղաղություն, երբ խաղաղության պայմանագիրը լիովին չի փաստաթղթավորված (մի կարեւոր ստորագրություն պակասում է)։ Գուցե ժամանակակից միջազգային հարաբերություններում բանավոր պայմանավորվածությունները լիովին բավարար են՝ հանրությանը «երջանկացնելու» համար, այդքան պարզ ու հե՞շտ․․․ Հանճարեղ է։
Շատ չանցած պարզվեց, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» պոռթկումը, առանց «հայեցողական հիմքի», անբովանդակ, տղայական ճիչ էր, ենթատեքստում՝ գալիք աղետների, կորուստների ծանուցում։ Առաջին ծանուցումը 1998-ին էր, երբ ՄԱԿ-ի մասշտաբով, մի քանի անգամ Հայաստանի ճակատին դաջվեց «ագրեսոր» տիտղոսը։ Իսկ 2018-ին դրվեց կապիտուլյանտի (պարտվողի) կարգավիճակի հիմքը։ Սա գալիք աղետների երկրորդ ծանուցումն էր։ Աչքաբաց մարդիկ գիտեն, որ կապիտուլյանտն իր պարտությամբ միայն հրադադար կարող է բերել, որին հետեւում է հաղթողին պատճառած վնասի փոխհատուցումը (կոնտրիբուցիա) բոլոր հնարավոր միջոցներով՝ ընդհուպ մինչեւ տարածքային ամբողջականությունից կտորներ հանձնելու գնով, անկախ պետականությանը պարտադրված սահմանադրական եւ այլ իրավական սահմանափակումներով, թե չէ՝ «պատերազմը կա ու կա», հասկացնում է վարչապետը։ Անշուշտ, ունենք հրադադար (խոստացել են այն պահպանել մինչեւ հունիս՝ ԱԺ ընտրություններ), թեպետ վարչապետի թեթեւ խոսքով «հրադադարն» ու «խաղաղությունը» անսխալական «հոմանիշներ» են։
Հայաստանի հանրության զգալի մասը համոզված է, որ այս ամենը, ինչը ժառանգել է Հայաստանը վերջին 7,5 տարիների (ոմանց համար՝ 28 տարիների) ընթացքում, ջայլամային քաղաքականություն է։ Իսկ գործող իշխանությունը (ի հեճուկս բոլորի) շողոքորթում է հանրությանը, թե հպարտացեք «խաղաղաբեր» մեզնով եւ մեր «ճկուն» դիվանագիտությամբ։
Ակներեւ է, որ Հայաստանի իշխանության թիկունքն ամրացավ, երբ Եվրամիությունը խոստացավ ՀՀ գործող իշխանության թախանձանքը կատարել՝ 15 միլիոն եվրո տրամադրել՝ ԱԺ ընտրությունների «ազնիվ եւ արդար» ընթացքն ապահովելու համար։ Կասկած չկա, որ այդ քայլով ԵՄ-ն առավել շահագրգռված է գործող ՀՀ իշխանությունների վերարտադրությամբ, քան ՀՀ շարքային քաղաքացիները։ Այդ միջամտությամբ ԵՄ-ն դառնում է անկախ Հայաստանի ներքին գործերին խառնվող արտաքին քաղաքական գործոն։ Մի խոսքով՝ շահառու է։ Եվ ինչո՞ւ չմիջամտի, երբ իրավիճակը (կոնյունկտուրա) նպաստավոր է, աջ ու ձախ նախընտրական քաղաքական «խցանումներ» են։ Ասել, թե ԵՄ-ն չի գիտակցում իր քայլի բացահայտ անօրինականությունը, սուտ կլինի: Եվրամիությունը տեսնում է, թե ով է հեղինակազուրկ (մարգինալ) իր խնդրատուն, տեսնում է հայաստանյան հանրության անտարբերությունը, լքվածությունը։ Տեսնում ու լիցքավորվում է, որ մեկ-մեկ կարելի է որոշակի գումարով «կատակել»։ Իրադրությունն այնքան նպաստավոր է քաղաքական «կատակի» համար, որ անկախ դիտորդները, ինչ-որ անօրինականություն նկատելու դեպքում, չտեսնելու կտան։ Իսկ եթե լրջությամբ, ապա ցավալիորեն Հայաստանում ձեւավորվել է այսպիսի իրավիճակ․ մաշվել է քաղաքացիական ուղղամտությունը, բթացել է իրավագիտակցությունը, նսեմացվում է անկախ պետականության գաղափարը, իսկ հանրային ընկալումը բեւեռվում է ապրուստի միակ միջոցի՝ ազգության եւ հայրենիք չունեցող փողի հանդեպ սիրո եւ հավատքի վրա։
Չնսեմացնենք Եվրամիությանը։ Այն գրագետ ու լուրջ միջազգային կառույց է, քան ճանաչում ենք։ ԵՄ-ն լրջանում է, երբ դիմացինը լրջմիտ, հավասարակշիռ, փորձառու, իրատես ու հեռատես պետական գործիչ է կամ ղեկավար։ ԵՄ-ում սիրում են «կատակել» տարբեր իրադրություններում։ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան ցույց տվեց, որ ամերիկացիներն էլ «կատակասեր» են։ Բայց կատակ կա, որ կատակ է, եւ կատակ կա, որ կատակ չէ, ինչպե՞ս տարբերել։ Տարբերել կարելի է, եթե իշխանությունները չստեն, չչափազանցնեն, իրենք իրենց չհակասեն, իսկ ինքնակրթվելն արդեն ուշ է։
Նկատելի է, որ շատերը տարակուսեցին, երբ ՀՀ վարչապետն ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան որակեց «պատմական»: Դիվանագիտական լեզվով՝ պատմական կարող է լինել, երբ դրական արդյունքն ակնհայտ է, սակայն նշված այցը զուտ խոստումների փաթեթ էր: Հետո, ըստ դիվանագիտական ենթակարգության (սուբորդինացիա), փոխնախագահի դիվանագիտական կարգավիճակը թույլ չի տալիս նրա այցը պատմական համարել:
ՀԳ․ Օրերը տաքանում են։ Բակա-տաղավարային քննարկումները շարունակվում։ Ահա մի քանիսը։
- 1998-ից այս կողմ փորձ է արվում «ոչմիթիզականությունից» «ազգային գաղափարախոսություն» սարքել։ Ունեցանք ազգային գերեզմանափորություն։
- Հարց հնչեց. «Լավ, գործող իշխանության եւ անթիվ-անհամար, փոքր ու մեծ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ գոնե մեկ ընդհանրություն չկա՞․․․»։ «Ո՞նց չկա, կա». ՀԱԿ-ի դեմ, ձեռք-ձեռքի տված, պայքարում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության գրեթե ողջ տեսականին: Իսկ թե ինչի կհանգեցնի ձեռք-ձեռքի տված այդ «ախպերությունը», կպարզվի ամռանը։




















