Քոչարյանի ու Սարգսյանի «ֆշշոցները»՝ բեմանակացո՞ւմ, թե՞ իրականություն․ 2-րդ և 3-րդ նախագահները փորձում են «մաքրվել» ու համաներվել
- Elen Hovsepyan
- 6 hours ago
- 3 min read
Նախկին նախագահների թիմերի միջև ամիսներ տևող և ժամանակ առ ժամանակ ուժգնացող քաղաքական «ֆշշոցները» վերջին օրերին խլացել են։ Ռ․Քոչարյանի հովանու ներքո գտնվող «Հայաստան» խմբակցության «գլուխը խառն» է՝ զբաղված են ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերջինիս, նրա ընտանիքի անդամներին պատկանող (ենթադրյալ) ապօրինի գույքի թվարկումների՝ հանրության շրջանում հարուցած շոկը ցրելով։ Համոզված ենք՝ հենց թալանի թեման մի քիչ հնանա (եթե, իհարկե, հնանա), երկրորդի և երրորդի թիմերը վերստին կվերադառնան «իրար ջան ասել, ջան լսելու» օրակարգին՝ դրանից բխող տեսարաններով։ Հանրության որոշ շրջանակների մոտ, բայցևայնպես, տպավորություն է ստեղծվել, թե ցուցադրվող դիմակայությունը կեղծ է, նախկին նախագահներն այսպիսով 2026 թվականի ընտրություններից առաջ փորձում են «տարանջատվել» միմյանցից՝ առանձին ճակատներով ընտրություններին մասնակցելու և ընդդիմադիր «առաջին ուժի» էստաֆետը վերցնելու համար։
Քանի դեռ «հարաբերական խաղաղություն» է երկրորդի և երրորդի թիմերի միջև՝ առիթից օգտվեցինք և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին խնդրեցինք ցրել (կամ ամրապնդել) հանրության շրջանում առկա կասկածները՝ ի վերջո նախկին նախագահների միջև իրո՞ք հակասություններ կան, թե՞ տեղի ունեցողը բեմականացում է։ ՊՈՒ քարտուղարը, նկատենք, որոշեց «սվաղել» մեր հարցի պատասխանը՝ այդպես էլ չհստակեցնելով՝ ի վերջո՝ այդ ի՞նչ է, որ չեն կարողանում «կիսել» իր քաղաքական պատրոնն ու Ռոբերտ Քոչարյանը։ (Հաստատ հարստությունը, գույքն ու միլիոնները չեն, երկուսն էլ հասցրել են մի լավ դիզել իրենց պաշտոնավարման օրոք) Սերժ Սարգսյանի թիմակիցը մասնավորապես նշեց․ «Ինչ վերավերում է երկու ընդդիմադիր ուժերի՝ տարբեր հարցերի վերաբերյալ ունեցած տարբեր մոտեցումներին՝ դրանց հետ կապված տարբեր գործիչներ իրենց մոտեցումն արտահայտել են, այդ թվում՝ ես։ Այստեղ ես որևէ հավակնություն չեմ էլ ներկայացնում հանրության մոտ որևէ թեմայի կամ կարծիքի հետ կապված հարցերը ցրելու մասով, որովհետև հանրությունը եղած իրադարձությունների մեջ հնարավորություն ունի «թացն» ու «չորը» տարանջատելու և ինքն իր վերլուծությունների հիման վրա ճիշտ դատողություններ անելու։ ․․․Ինչ վերաբերում է բեմականացումներին, ես չեմ կարծում, որ այստեղ գտնվող որևէ մարդ, այդ թվում՝ դուք, կարծում եք, որ իմ քաղաքական կենսագրությունը կամ գործունեությունը երևէ ձևով կարող է կապված լինել ինչ որ բեմականացման հետ։ Եվ նույնիսկ այս տեսանկյունից կոռեկտ էլ չեմ համարում այս թեմային անդրադառնալ այլ տեսանկյունից։ Այն տեղեկատվությունը, որն առկա է ընդհանուր մարտավարական տարբեր մոտեցումների հետ, դրանք արդեն դաշտում արտահայտված են»։ Քանի որ Տիգրան Աբրահամյանի դերասանական տաղանդը առիթ չենք ունեցել գնահատել՝ նրա մասնակցությամբ թատերական բեմանակացման հանդիսատեսը լինելով, ուստի, չկասկածելով ՀՀԿ-ականի պատասխանի անկեղծությանը, եզրակացնում ենք՝ երկրորդի և երրորդի միջև հակասություններ, իրոք, առկա են, դրանց առերևույթ դրսևորումներն էլ բեմականացում չեն։ Ակնհայտ է, որ հակասությունները, որքան էլ իշխանության փոխանցման կարգի ու պայմանավորվածության խախտմանն են առնչվում, բայցևայնպես, միտված են մեկ առաջնային, հեռահար նպատակի՝ ապագա իշխանությունը կիսելուն։ Ընդ որում, ոչ թե իշխանության մեծամասնության մասին է խոսքը, այլ՝ իշխանությունից պատառիկներ փախցնելու։ Ընթացիկ ներքին հակամարտությունը, որը մինչև ԱԺ ընտրություններ, ենթադրում ենք, դիտարժան դրսևորումներ է ունենալու, ամենամեծ պատառիկն իրենով անելու շուրջ է։
Ընթերցողը նկատած կլինի՝ նախկին նախագահները միմյանց քննադատում են՝ դրա առանցքում դնելով 2018-ի թավշյա հեղափոխությունն ու դրա հետևանքով ի հայտ եկած «պատուհասներն ու աղետները»։ Քոչարյանի թիմը Սերժ Սարգսյանին մեղադրում է թուլակամ ու անհեռատես գտնվելու, Նիկոլ Փաշինյանին իշխանությունը հանձնելու և այսպիսով Արցախի հանձնման և մյուս կորուստների համար հող նախապատրաստելու, Սերժ Սարգսյանի թիմն էլ Քոչարյանին ու նրա թիմակիցներին մեղադրում է հեղափոխությանն «ընտանյոք» աջակցելու, «իշխանազավթմանը» մաս դառնալու և այսպիսով վերոհիշյալ դժբախտությունները կանխորոշելու մեջ։ (Հիշեցնենք՝ Քոչարյանի ներկայիս քաղաքական հենարան ՀՅԴ-ն 2018-ին ողջունեց «ժողովրդական շարժումն» ու կողմ քվեարկեց Փաշինյանի՝ վարչապետ դառնալուն)։ Նախկին նախագահներից յուրաքանչյուրն, արդ, փորձում է պարազիտանալ հետհեղափոխական «ողբերգության» վրա և Նիկոլ Փաշինյանին այդ «ողբերգության» գլխավոր մեղադրյալ կարգելուց զատ որպես նրա հանցակից մատնացույց անել մեկը մյուսին։ Ով կարողացավ համոզիչ լինել ու մաքրել ինքզինքը «Նիկոլին բերող»-ի կասկածանքից ու վերջինիս բերած «դժբախտություններին» ունեցած հանցակցությունից, նա էլ, ըստ իրենց քաղաքական հաշվարկի, հանրության կողմից «համաներման» կարժանանա և գալիք ընտրությունների արդյունքում կստանա իշխանության պատառիկներից «ամենաչաղլիկը»։
Հ․Մ․