Հայտնի է, թե որքան գումար կվճարի ՖԻՖԱ-ն «Բարսելոնա»-ին Ռաֆինյայի վնասվածքի համար
- 59 minutes ago
- 1 min read

«Բարսելոնան» ՖԻՖԱ-ից ֆինանսական փոխհատուցում կստանա թիմի հարձակվող Ռաֆինյայի վնասվածքի պատճառով, որը նա ստացել է Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած ընկերական խաղում։
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ֆրանսիայի ընտրանու դեմ հանդիպման ժամանակ (1-2): Ուրբաթ՝ մարտի 27-ին, կատալոնական ակումբը պաշտոնապես հաստատեց, որ բրազիլացին ունի աջ ազդրի ծնկատակի ջլի վնասվածք: Նախնական տվյալներով՝ ապաքինման համար կպահանջվի հինգ շաբաթ, ինչի արդյունքում Ռաֆինյան չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի առաջիկա կարևոր հանդիպումներում։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ՖԻՖԱ-ի Ակումբների պաշտպանության ծրագրի համաձայն՝ կազմակերպությունը պարտավոր է վճարել փոխհատուցում, քանի որ ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը գերազանցելու է սահմանված նվազագույն 28 օրը։
Եթե Ռաֆինյան խաղադաշտ վերադառնա նախատեսված հինգ շաբաթվա ընթացքում (ապրիլի 28-29-ը), ապա «Բարսելոնան» կստանա նվազագույնը 143,836 եվրո փոխհատուցում։ Սակայն, եթե ապաքինման գործընթացը ձգձգվի, հինգ շաբաթը գերազանցող յուրաքանչյուր լրացուցիչ օրվա համար ակումբի բյուջեն կհամալրվի ևս 20 հազար եվրոյով։ Նշվում է նաև, որ ապահովագրական վճարումների առավելագույն սահմանաչափը կազմում է 7,5 միլիոն եվրո։




















