Ադրբեջանից կրակnցի դեպքում չսպասեք պատասխան կրակnցի, դա ՀՀ-ին խաղաղություն չի բերի․ ՔՊ պատգամավոր

«Բնականաբար Գանձասարի մասին արված հայտարարությունը Ադրբեջանի կողմից չի աջակցում խաղաղության օրակարգին, և լավ կլինի, որ երկու կողմն էլ՝ և Հայաստանը, և Ադրբեջանը, զերծ մնան նման խոսույթներից, իսկ Գանձազարի դեպքերի հետ կապված Մատենադարանը հանդես է եկել հայտարարությամբ: Մենք չենք ասել, որ խաղաղությանը հասնելը հեշտ է լինելու, և եթե այդքան հեշտ լիներ, ապա անհրաժեշտություն չէր լինի փաստաթղթեր ունենալ, երկար բանակցել, քննադատությունների արժանանալ: Սա հեշտ ճանապարհ չէ, և ես հիշում եմ, որ շուրջ 2 տարի առաջ, երբ սահմանին կրակոցներ կային, բոլորը նույն կերպ ասում էին՝ սա՞ է այն խաղաղությունը, որը դուք բանակցում եք, Ադրբեջանից կրակոցներ կան, իսկ դուք լռում եք:
Իսկ ես նույն նախադասությունն էի ասում՝ այն փխրուն ձեռք բերած խաղաղությունը, որը հիմա արդեն փխրուն չէ, գնալով կարծրանում է, ունի խնամքի կարիք, և շատ մեծ համբերություն է պահանջում։ Մենք պետք է անհոգնել պայքարենք, շարունակենք մեր օրակարգը թելադրել, որովհետև դրանից շահում է քաղաքացին, հիմա կլինեն նաև հայտարարություններ, կրակոցը այժմ փոխարինվել է ինչ-որ հայտարարության, որը մեզ մոտ ներվ է առաջացնում՝ հասկանալի պատճառով, իհարկե դա ցանկացած քաղաքացու համար տհաճ է լսել:
Մեր կողմից մշտապես եղել են արձագանքներ, բայց կրակոցի դեպքում մի սպասեք պատասխան կրակոց, որովհետև դա չի տանում մեր նպատակին, չի տանում դեպի խաղաղություն։ Շատ հայտարարություններ կան, որ միգուցե նպատակ ունեն խաղաղ ընթացքի իրավիճակը փոխել, մենք չենք ուզում, Հայաստանը ավելի խաղաղատենչ է, մենք ուզում ենք մեր վերջնական նպատակը իրագործել»,- նշել է Հակոբյանը:




















