Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Մալաթիա մոլ»-ի դիմաց բախվել են «Range Rover»-ը, «Audi»-ն, «Mazda»-ն և «Nissan»-ը, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
- Nov 17, 2025
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում` «Մալաթիա մոլ»-ի դիմաց, բախվել են «Range Rover» մակնիշի, «Audi» մակնիշի, «Mazda» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի ընթացքում ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված կինը շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտյոմ Չոբանյանը և կրտսեր պարեկ Մկրտիչ Հակոբյանը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։




















