Բացահայտվել է քրոնիկ փորկապության բակտերիալ պատճառը․ Gut Microbes
- 3 hours ago
- 2 min read

Նագոյայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են աղիքային բակտերիաների երկու տեսակ, որոնք, ըստ ամենայնի, համատեղ քայքայում են հաստ աղիքի պաշտպանիչ լորձաթաղանթը և դրանով իսկ նպաստում քրոնիկական փորկապության զարգացմանը: Խոսքը Akkermansia muciniphila-ի և Bacteroides thetaiotaomicron-ի մասին է: Աշխատանքը հրապարակվել է Gut Microbes ամսագրում:
Լորձային շերտը պատում է հաստ աղիքի պատերը և միաժամանակ մտնում է կղանքի բաղադրության մեջ: Այն պահպանում է խոնավությունը, հեշտացնում աղիքների պարունակության տեղաշարժը և պաշտպանում էպիթելը բակտերիաներից: Եթե այս պատնեշը բարակում է, կղանքը դառնում է չոր և պինդ:
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, քայքայումը տեղի է ունենում փուլ առ փուլ: Սկզբում B. thetaiotaomicron-ն արտադրում է սուլֆատազ ֆերմենտը, որը մուցինից հեռացնում է սուլֆատային խմբերը: Նորմայում դրանք պաշտպանում են լորձը տրոհումից: Այս «պաշտպանությունը» հեռացնելուց հետո A. muciniphila-ն սկսում է ակտիվորեն մարսել մուցինը:
Արդյունքում նվազում է լորձի քանակը, կղանքը կորցնում է խոնավությունը և դառնում պինդ, ինչն էլ հանգեցնում է փորկապության։ Ըստ հեղինակների՝ նման դեպքերում խնդիրը ոչ թե դանդաղած պերիստալտիկայի մեջ է (ինչպես ընդունված է մտածել), այլ լորձային պատնեշի կորստի։ Հենց այդ պատճառով ստանդարտ լուծողականները և աղիքների շարժողականությունը խթանող դեղամիջոցները հաճախ կարող են քիչ արդյունավետ լինել։
Հետազոտողները նաև կապ են հայտնաբերել Պարկինսոնի հիվանդության հետ։ Այս ախտորոշմամբ պացիենտների մոտ, ովքեր հաճախ տառապում են փորկապությունից դեռևս տրեմորի ի հայտ գալուց տասնամյակներ առաջ, լորձաքայքայիչ բակտերիաների մակարդակը բարձր է եղել։ Նախկինում նման ախտանիշները բացատրվում էին հիմնականում նյարդային համակարգի ախտահարմամբ։
«Մենք գենետիկորեն ձևափոխել ենք B. thetaiotaomicron-ն այնպես, որ այն չկարողանա ակտիվացնել սուլֆատազ ֆերմենտը, որը հեռացնում է սուլֆատային խմբերը մուցինից, — պատմել է աշխատանքի առաջատար հեղինակ Տոմոնարի Համագուտին Նագոյայի համալսարանից: — Երբ մենք այս ձևափոխված բակտերիաները Akkermansia muciniphila-ի հետ միասին տեղադրեցինք ստերիլ մկների աղիքների մեջ, կենդանիների մոտ փորկապություն չզարգացավ. մուցինը մնաց պաշտպանված և անվնաս»:
Փորձը ցույց է տվել, որ սուլֆատազի ակտիվության արգելափակումը կանխում է լորձաթաղանթի քայքայումը: Հեղինակների կարծիքով՝ սա հնարավորություն է ընձեռում մշակել այնպիսի դեղամիջոցներ, որոնք թիրախավորում են հենց բակտերիալ ֆերմենտները:




















