top of page

Հղիության ընթացքում ծխախոտի օգտագործումը մեծացնում է երեխաների մոտ հիպերտոնիայի առաջացման ռիսկը․ Circulation

  • 4 hours ago
  • 1 min read

Հղիության ընթացքում ծխելը կարող է բարձրացնել երեխաների մոտ հիպերտոնիայի ռիսկը: Սիրտ-անոթային հիվանդությունների ուսումնասիրմանն ուղղված ECHO խոշոր նախագծի շրջանակներում նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի հետազոտողները: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Circulation ամսագրում:

Գիտնականները վերլուծել են 1999-2020 թվականներին ԱՄՆ-ի և Պուերտո Ռիկոյի 52 բժշկական կենտրոններում ծնված 13,120 երեխաների տվյալները: Հղիության ընթացքում ծխելու մասին տեղեկությունները հավաքվել են հարցաթերթիկների, բժշկական գրառումների և մեզի մեջ կոտինինի (ծխախոտի վերջին օգտագործման մարկեր) առկայության անալիզների միջոցով: Երեխաների զարկերակային ճնշումը չափվել է 3-ից 18 տարեկան հասակում:

Վերլուծությունը ցույց է տվել, որ այն մայրերի երեխաների մոտ, ովքեր ծխել են հղիության ընթացքում, ավելի հաճախ են արձանագրվել ինչպես սիստոլիկ, այնպես էլ դիաստոլիկ ճնշման բարձր ցուցանիշներ: Բացի այդ, նրանց մոտ ավելի ուշ տարիքում ավելի հաճախ է ախտորոշվել հիպերտոնիա (զարկերակային գերճնշում): Ամենաարտահայտված կապը նկատվել է այն դեպքերում, երբ ակտիվ ծխելը հաստատվել է լաբորատոր հետազոտություններով: Ազդեցությունն ավելի ուժեղ է եղել աղջիկների մոտ և մեծացել է երեխայի տարիքին զուգընթաց:

Ընդ որում, պասիվ ծխելը, ըստ ինքնահայտարարագրման տվյալների, վիճակագրորեն նշանակալի կապ չի ցուցաբերել բարձր ճնշման հետ։

Հեղինակներն ընդգծում են, որ մանկական տարիքում բարձր զարկերակային ճնշումը մեծացնում է չափահաս տարիքում սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը: Նրանց կարծիքով՝ ծխող հղիների թվի կրճատումը կարող է հիպերտոնիայի և դրա հետ կապված ռիսկերի կանխարգելման կարևոր միջոց դառնալ ապագայում:

 
 
bottom of page